ԹԵԺ ԳԻԾ

+374 43 555 772

Տեղեկատու » Նորություններ » Սերունդների հերթափոխ նոտարական համակարգում

Սերունդների հերթափոխ նոտարական համակարգում

29/09/2012

ՀՀ նոտարական պալատում երկու լուր ունեին հայտնելու, մեկը լավ, մյուսը՝ վատ: Սկսեցին լավ լուրով՝ նորանշանակ նոտարի երդման արարողությամբ:

Մալաթիա նոտարական տարածքում 2012-ի օգոստոսի 14-ից նոտար աշխատող Աննա Թովմասյանը երդվեց իր լիազորություններն իրականացնելիս լինել արդար և անկողմնակալ, կատարել ծառայողական պարտականությունները՝ աշխատելով արժանապատվությամբ, խորհրդակցելով խղճի և պատվի հետ, միշտ և ամենուր բարձր պահել նոտարի դերն ու հեղինակությունը:

65-ամյա Սվետա Բադիրյանը նոտարի դերն ու պատիվը ամենուր բարձր պահելու համար երդվել է դեռ 1977-ի հունիսի 6-ին: Ինչպես անցավ 40 տարին, ինքն էլ չիմացավ: Սիրել է աշխատանքը: Չնայած բազմամյա աշխատանքային փորձին՝ անցած ճանապարհը շատ կարճ է թվում: «Թվում է՝ նոր եմ ավարտել համալսարանը, բայց արդեն թոշակի եմ անցնում»: Սվետա Բադիրյանը սակայն չի դժգոհում. հարթ, սահուն, ուրախ ու բարի ճանապարհ է անցել, նույնն էլ մաղթում է երիտասարդ, իրենց աշխատանքային ուղին նոր սկսող գործընկերներին:

Միաժամանակ զերծ չի մնում խորհուրդներից. «Երիտասարդներին մաղթում եմ լինել բարի, մարդկանց ընդունել ըստ արժանվույն, երբեք վերևից չնայել՝ մտածելով, թե կնիք կա ձեռքին…»:

Բոլորին մաղթում է հասնել այս օրվան, «Ճակատս բաց, սիրտս մաքուր գնում եմ թոշակի: Ես մնացել եմ հոգով նույնը, մեծացել եմ տարիքով»,- խոստովանում է նախկին նոտարը ու հիշում սերունդների հերթափոխության մասին. եկել է հեռանալու ժամանակը, պետք է ճանապարհ տալ երիտասարդներին:

ՀՀ նոտարական պալատի նախագահ Մամիկոն Ասլանյանը շնորհակալություն հայտնեց և շնորհակալագիր հանձնեց Սվետլանա Բադիրյանին, բազմամյա աշխատանքային գործունեության մասնագիտական բարձր ունակությունների , բարոյական հատկանիշների դրսևորման և հասարակության մեջ նոտարի դերն ու հեղինակությունը բարձր պահելու համար:

Հեղինակ:  «ՓԱՍՏԻՆՖՈ» 
ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ