ԹԵԺ ԳԻԾ

+374 43 555 772

Նոտարական էթիկայի կանոնները

Մեր Մասին » Իրավական ակտեր » Նոտարական էթիկայի կանոնները

1.Ընդհանուր դրույթներ

1. ՀՀ նոտարական էթիկայի սույն կանոնները մշակվել են «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի, «Նոտարական էթիկայի եվրոպական կանոնների» համաձայն և արտահայտում են ՀՀ նոտարների կողմից նոտարական գործունեության հասարակական-իրավական բնույթի ու պատասխանատվության, ինչպես նաև նոտարի մասնագիտական պարտքի կատարմանը ներկայացվող պահանջների հստակ գիտակցումը:

2. Կանոնները ձևակերպում են նոտարական գործունեության մասնագիտական և բարոյաէթիկական չափանիշները, նոտարի անձնական վարքագիծը, մասնագիտական կարգուկանոնի և էթիկայի խախտումների բնութագիրը, պատասխանատվության սկզբունքներն ու ձևերը, նոտարների նկատմամբ կիրառվող պատժամիջոցների և խրախուսանքների կարգը:

3. Նոտարը քաղաքացիաիրավական հարաբերություններին մասնակցում է անաչառ և օբյեկտիվ խորհրդատվության, անհրաժեշտ փաստաթղթերը կազմելու և հաստատելու միջոցով, որոնք արդյունքում ստանում են պաշտոնական բնույթ, ապահովում է իրավահարաբերության մասնակիցների համար որակյալ մասնագիտական օգնություն, իրավական կայունություն, ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված նրանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանություն:

Իրավական անաչառությունը, հիմնված բարձր բարոյաէթիկական սկզբունքների վրա, նոտարի աշխատանքը դարձնում է դեմոկրատական և իրավական պետության արդար ու արդյունավետ իրավական համակարգի անբաժանելի մասը:

Սույն կանոնների դրույթները պարտադիր են նոտարների  և նրանց օգնականների համար:

 

 

2. Նոտարի մասնագիտական գործունեության սկզբունքները

1. Նոտարը մասնագիտական գործունեություն ծավալելիս ղեկավարվում է ՀՀ Սահմանադրությամբ, «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքով, սույն կանոններով, ինչպես նաև միջազգային պայմանագրերով, «Լատինական նոտարիատի միջազգային միության» նորմերով, «Նոտարական էթիկայի եվրոպական կանոններով»:

2. Նոտարը պետք է իմանա և հետևի «Լատինական նոտարիատի միջազգային միության» սկզբունքներին, որոնք ձևավորվել են նոտարիատի գոյության հարյուրամյակների ընթացքում և ապացուցել իրենց իրավական կատարելությունը.

  2.1 Հարգի´ր քո նախարարությունը, պետական իշխանության մարմիններին, իրավական համակարգի քո գործընկերներին.

  2.2 Կատարի´ր նոտարական գործողությունները, եթե վստահ ես, որ գործում ես օրենքի սահմաններում, լուծի´ր կասկածներդ մինչև գործողությունը կատարելը, ձեռնպահ մնա այն կատարելուց, եթե կասկածում ես դրա օրինական և ճիշտ լինելու մեջ.

  2.3 Արժանի´ն մատուցիր ճշմարտությանը.

  2.4 Գործի´ր հետևողականորեն.

  2.5 Հետազոտի´ր նյութերն` աչառու և մանրակրկիտ.

  2.6 Խորհրդակցի´ր Պատվիդ հետ.

  2.7 Առաջնորդվի´ր Արդարությամբ.

  2.8 Սահմանափակվի´ր Օրենքով.

  2.9 Աշխատի´ր արժանապատվությամբ.

  2.10 Հիշի´ր, որ քո առաքելությունը քաղաքացիաիրավական վեճեր թույլ չտալն է:

3. Նոտարն, իր մասնագիտական պարտականությունները ստանձնելիս պարտավոր է.

  3.1 Պաշտպանել մարդու, հասարակության և պետության շահերը` պահպանելով օրենքի պահանջները:

  3.2 Նպաստել հասարակության մեջ օրենքի և արդարության նկատմամբ հավատի ամրապնդմանը:

  3.3 Չկատարել հօգուտ անձնական կամ այլ անձանց շահերի գործողություններ, որոնք կարող են կասկածի տակ դնել նոտարի անկախությունն ու անաչառությունը, վարկաբեկել նոտարին, վնաս հասցնել նրա մասնագիտական պատվին ու արժանապատվությանը:

  3.4 Իրավաբան-գործընկերներին վերաբերվել հարգանքով, վստահության և բարյացակամության ոգով:

  3.5 Նոտարական գրասենյակում հաստատել բարենպաստ բարոյահոգեբանական մթնոլորտ, խուսափել վատ սովորությունների ու բնավորության արտահայտումից, որոնք կարող են բացասական կերպով ընկալվել շրջապատի կողմից:

  3.6 Մշտապես բարձրացնել մասնագիտական մակարդակը, ուսումնասիրել գործող օրենսդրությունն ու նոտարական պրակտիկան:

  3.7 Խուսափել քաղաքական կուսակցություններում և միավորումներում անձնական մասնակցությունից, քաղաքական գործունեության մեջ ներքաշվելուց, որոնք թույլ չեն տա նոտարին պահպանել անկողմնակալությունը, օբյեկտիվությունն ու անկախությունը:

  3.8 Պահել նոտարական գաղտնիքը:

  3.9 Հետևել նոտարական գործունեության  պարտադիր ապահովագրության պահանջներին:

  3.10 Կրել անձնական և գույքային պատասխանատվություն:

  3.11 Ապահովել քաղաքացիների և իրավաբանական անձանց ընդունելության բարձր մակարդակ` ձգտելով ցանկացած իրավիճակում պահպանել տոկունությունն ու արժանապատվությունը:

 

3.Նոտարի հարաբերությունները ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ

1. Նոտարն օրենսդրությանը համապատասխան ապահովում է նոտարական գործողությունների կատարման համար իրեն դիմած ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքներն ու օրինական շահերը: Նոտարը պարտավոր է մերժել նոտարական գործողության կատարումը, եթե անձի պահանջը օրենքի սահմաններից դուրս է:

2. Նոտարը, նոտարական գործողություններ կատարելիս, աջակցում է ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների և օրինական շահերի իրականացմանը, բացատրում իրենց իրավունքներն ու պարտականությունները, զգուշացնում կատարվող նոտարական գործողությունների հետևանքների մասին, որպեսզի իրավական անտեղյակությունը ի վնաս իրենց չգործի:

3. Նոտարը պարտավոր է պահել նոտարական գաղտնիքը, վստահելի հարաբերություններ պահպանել նոտարական գործողություններ կատարելու կամ խորհրդատվության համար իրեն դիմած անձանց հետ:

4. Նոտարական գործողություններ կատարելիս նոտարը չպետք է ենթարկվի երրորդ անձանց կողմից ճնշման, քաղաքական ազդեցության, պարտավոր է խստորեն հետևել օրենքի պահանջներին և պահպանել իրեն դիմած անձանց օրինական շահերը:

5. Նոտարը պարտավոր է պահպանել համբերություն, հարգանք նրանց նկատմամբ, ում հետ համագործակցում է անձնական կամ մասնագիտական շփման շրջանակներում, ինչպես նաև հետևել խոսքի կուլտուրային, վարքին ու արտաքին տեսքին:

6. Նոտարական գործողությունների հետ կապված աշխատանքի, այդ թվում` տեխնիկական կատարումը, փաստաթղթերի նախագծումը, բնօրինակների ու կրկնօրինակների չհանձնարարել, հանձնարարել այլ անձանց, բացի նոտարական գրասենյակի աշխատակիցներից:

7. Թմրադեղեր կամ ալկոհոլ օգտագործած վիճակում հաճախորդներ չընդունել, ընդունելության ժամանակ, առանց հաճախորդի թույլտվության, չծխել, ինչպես նաև հաճախորդի անձի, արժանապատվության և իրավունքների նկատմամբ այլ անհարգալից վերաբերմունք չարտահայտել, այդ թվում` նվաստացուցիչ, անբարո կամ անվայել գործողություններ չկատարել այն անձանց նկատմամբ, որոնց հետ նոտարը մասնագիտական գործունեության ընթացքում համագործակցում է:

 

4. Նոտարի և  Նոտարական պալատի հարաբերությունները

1. Նոտարական պալատի հետ հարաբերություններում նոտարը պարտավոր է.

  1.1 Մասնակցել նոտարական պալատի կողմից նոտարների մասնագիտական միավորման հասարակական-իրավական հարցերի լուծմանը:

  1.2 Մասնակցել նոտարական պալատի ժողովներին և նրա կողմից կազմակերպվող միջոցառումներին:

  1.3 Մասնակցել մասնագիտական որակավորման բարձրացման միջոցառումներին, փորձի փոխանակմանը:

  1.4 Ժամանակին և լրիվ չափով վճարել անդամավճարներն ու նոտարների ընդհանուր ժողովի /կամ/ նոտարիատի վարչության կողմից սահմանված այլ վճարումները:

  1.5 Նոտարական պալատի հրավերով ներկայանալ նոտարական պարտականությունների կատարման հետ կապված հարցերի ուսումնասիրմանը և ծագած խնդիրների լուծմանը:

  1.6 Նոտարական պալատի հարցման դեպքում ներկայացնել փաստաթղթեր, տալ բանավոր և գրավոր բացատրություններ` կապված այնպիսի հարցերի հետ, որոնք նոտարական պալատը իրավասու է քննել:

  1.7 Սահմանված ժամկետում նոտարական պալատ ներկայացնել հաստատված ձևի վիճակագրական հաշվետվությունները:

2. Նոտարը պարտավոր է պատշաճ ձևով կատարել իր պարտականությունները, որոնք բխում են նորմատիվ ակտերից, ինչպես նաև նրա գործունեության իմաստից:

 

5. Նոտարի հարաբերությունները գործընկերների և  նոտարների միավորման հետ

1. Նոտարը պարտավոր է.

  1.1 Գործընկերների հետ հարաբերությունները կառուցել հարգանքի, վստահության և մասնագիտական համագործակցության վրա` ցուցաբերելով բարյացակամություն և կոռեկտություն:

  1.2 Գործընկերների հետ հարաբերություններում լինել հետևողական և նրբանկատ, տեղեկություններ հաղորդել աշխատանքի հետ կապված հարցերի, ինչպես նաև մասնագիտական հնարավոր դժվարությունների և այլ խնդիրների վերաբերյալ, որոնք պահանջում են մասնագիտական համագործակցություն:

  1.3 Արագ և ճշգրիտ պատասխանել նոտարական գործողությունների կատարման հետ կապված գործընկերների հարցումներին:

  1.4 Օգնել և մասնագիտական փորձը փոխանակել երիտասարդ գործընկերների հետ:

  1.5 Միջոցներ ձեռնարկել, որպեսզի նոտարական գրասենյակի աշխատակիցները հետևեն օրենսդրությանը և բարոյաէթիկական սկզբունքներին:

  1.6 Նոտարը պարտավոր է տարին մեկ անգամ, ոչ պակաս, քան երեք  շաբաթ ժամկետով, ձևակերպել իր հերթական արձակուրդը:

2. Նոտարը, գործընկերների և նոտարների միավորման հետ հարաբերություններում, իրավունք չունի.

  2.1 Բնութագրելով իր որակավորումը` նսեմացնել գործընկերների մասնագիտական արժանապատվությունը և հեղինակությունը:

  2.2 Վարել անբարեխիղճ մրցակցություն:

  2.3 Նոտարական գործունության որոշակի ասպարեզը դարձնել մենաշնորհ` դրանով իսկ խոչընդոտելով մյուս նոտարների աշխատանքը:

  2.4 Զբաղվել անհատական գովազդով, այդ թվում` ինտերնետում, գովազդել իրեն և իր գործունեությունը` նոտարական գործունեության հետ կապ չունեցող պարգևների, գիտական աստիճանների և իր որակավորման այլ լրացուցիչ առանձնահատկություններին հղում կատարելով:

  2.5 Նոտարական գրասենյակ դիմած անձանց գրավել նախօրոք սահմանված գների իջեցումով, ինչպես նաև գրասենյակի աշխատանքային կարգի ու ռեժիմի հետ կապված անբարեխիղճ խոստումներով:

  2.6 Առանց նոտարական պալատի նախագահի համաձայնության ելույթ ունենալ զանգվածային լրատվամիջոցներով, նոտարական պալատի անունից ներկայանալ պետական մարմիններում, տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում և հիմնարկներում, բացառությամբ գիտամանկավարժական գործունեության:

  2.7 Անբարեխիղճ մրցակցությունից խուսափելու նպատակով նոր նշանակված նոտարը չի կարող գործունեություն ծավալել գործող նոտարական գրասենյակին ավելի մոտ, քան մեկ կիլոմետր հեռավորությամբ: Սույն պահանջը չի տարածվում իր հիմնական աշխատավայրից նույն նստավայրում նոր աշխատավայր տեղափոխված նոտարների վրա:

(փոփոխությունը հաստատված է ՀՀ նոտարական պալատի ընդհանուր ժողովի 24.02.2024թ. թիվ 2 որոշմամբ)

 

6. Նոտարի հարաբերությունները պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ

1. Նոտարը պետք է պատշաճ մասնագիտական հարաբերություններ պահպանի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ` ցուցաբերելով հարգանք, զսպվածություն և ճշգրտություն:

2. Նոտարը մասնագիտական պարտականությունները կատարելիս պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ հարաբերություններում պետք է լինի անկախ, օբյեկտիվ, խստորեն կատարի օրենքի պահանջները:

 

7. Նոտարի վարքը ոչ աշխատանքային ժամերին

1. Նոտարը, որպես պետության և հասարակության կողմից հատուկ վստահությամբ ու պատասխանատվությամբ օժտված անձ, պարտավոր է.

  1.1 Հետևել բարոյականության և էթիկայի նորմերին:

  1.2 Ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններ կատարելուց, որոնք կարող են բացասաբար ազդել նոտարի մասնագիտական պարտականությունների կատարման վրա կամ կասկած հարուցել նրա անկախության և օբյեկտիվության վերաբերյալ, ինչպես նաև խոչընդոտել ընտանիքի անդամների ներքաշմանը նման գործունեության մեջ:

  1.3 Ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններ կատարելուց, որոնք կարող են վնաս հասցնել նոտարի մասնագիտական գործունեությանը կամ հասարակության մեջ նսեմացնել նրա նկատմամբ վստահությունն ու հեղինակությունը, այդ թվում` անհիմն արտոնություններ ստանալ նոտարական գործողությունների կատարման համար դիմող անձանցից, այցելել կասկածելի հեղինակություն ունեցող հաստատություններ:

  1.4 Նոտարական գործողություններ կատարելիս դիմակայել նոտարի վրա գործադրվող ճնշմանը և անմիջապես այդ մասին տեղյակ պահել նոտարական պալատին և իրավապահ մարմիններին:

 

8. Կարգապահական պատասխանատվություն

Կարգապահական պատասխանատվություն է համարվում նոտարական գործողությունների ոչ պատշաճ կատարումը կամ կատարելուց ձեռնպահ մնալը, նոտարի կողմից վարվեցողության,  էթիկայի նորմերի և այլ պահանջների խախտումը, որոնք նախատեսված են «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքով:                                                               

Կարգապահական պատասխանատվություն է համարվում, մասնավորապես`

1. Օրենսդրությանը հակասող նոտարական գործողությունների կատարումը:

2. Ձեռնարկատիրական կամ այլ գործունեությամբ զբաղվելը, բացի նոտարական, գիտական, մանկավարժական գործունեությունից:

3. Նոտարական գործունեություն ծավալելը` առանց մասնագիտական պատասխանատվության ռիսկի ապահովագրության:

4. Նոտարական գաղտնիքը հայտնելը:

5. Նոտարական գործունեություն ծավալելը նոտարական տարածքի սահմաններից դուրս, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

6. Նոտարական պալատի որոշմամբ կամ օրենքով սահմանված սակագների բարձրացումը կամ իջեցումը:

7. Երեք և ավելի ամիս նոտարական պալատի անդամավճարները չմուծելը, ինչպես նաև անդամավճարների և այլ պարտադիր վճարումների պակաս չափով մուծելը:

8. Ճշգրիտ վիճակագրական հաշվետվության, նոտարական պալատի հարցումների վերաբերյալ անհրաժեշտ ինֆորմացիա ու տվյալներ չտրամադրելը կամ ոչ ժամանակին ներկայացնելը:

9. Նոտարի կողմից կնիքն անօրինական փոխանցելն այլ անձանց կամ կնիքը, նոտարական գործողությունների կատարման ռեեստրը, արխիվային փաստաթղթերն անփութության հետևանքով կորցնելը:

10. Նոտարական պալատի ընդհանուր ժողովներին կամ մասնագիտական որակավորման բարձրացման ուղղությամբ իր կողմից կազմակերպվող միջացառումներին առանց հարգելի պատճառի չհաճախելը, նոտարական պալատի կառավարման մարմինների նիստերին հրավիրված լինելու դեպքում` բացակայելը:

11. Նոտարական գրասենյակում հաստատված ռեժիմի, նոտարական գործավարության կարգի կոպիտ ու բազմակի խախտումները:

12. Սույն կանոններով նախատեսված բարոյաէթիկական նորմերի խախտումը:

13. Նոտարական պալատի կառավարման մարմինների ընդունած որոշումների պահանջների խախտումը:

 

9. Մասնագիտական ներգործության միջոցներ

1. Կարգապահական պատասխանատվության միջոցներ են համարվում.

  1.1 Նախազգուշացումը

  1.2 Նկատողությունը

  1.3 Խիստ նկատողությունը

  1.4 Գործունեության կասեցումը մինչև վեց ամիս ժամկետով:

2. Առանց հարգելի պատճառի նոտարական պալատի ժողովներին չհաճախելու կամ երեսուն րոպե և ավելի ուշանալու դեպքում նոտարը կարող է ենթարկվել դրամական տույժի` 50000  հազար ՀՀ դրամի չափով, որը պետք է փոխանցվի նոտարական պալատի հաշվի համարի վրա:

 

10. Կարգապահական տույժի ենթարկելու կարգը

1. Կարգապահական պատասխանատվության հարցի քննության համար հիմք է ծառայել «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածը:

2. Կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ որոշումն ընդունում է նոտարական պալատի վարչությունը:

3. Կարգապահական պատասխանատվության վերաբերյալ հարցի քննությունը կարող է հարուցվել ՀՀ արդարադատության նախարարի, նոտարական պալատի ընդհանուր ժողովի, վարչության կամ նոտարական պալատի նախագահի կողմից:

4. Կարգապահական տույժ հարուցվում է կարգապահական զանցանքը կատարելուց հետո, բայց ոչ ուշ, քան զանցանքի կատարումը հայտնաբերելուց երկու ամիս անց, չհաշված` հիվանդության, արձակուրդում լինելու կամ այլ հարգելի պատճառով նոտարի բացակայելը:

5. Կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննարկվում է նոտարի ներկայությամբ, ով այդ մասին տեղեկացվում է նիստը սկսելուց հինգ օր առաջ: Առանց հարգելի պատճառի նոտարի կրկնակի անգամ չներկայանալը նիստին արգելք չէ հարցը  միայն նյութերի հիման վրա քննելու համար: Կարգապահական զանցանքի վերաբերյալ հարցը քննելիս պահանջվում է նոտարի գրավոր բացատրությունը:

Գրավոր բացատրություն չներկայացնելը, այն տալուց  հրաժարվելը կամ խուսափելը  արգելք չէ կարգապահական զանցանքի վերաբերյալ հարցը  առանց նրա քննելու համար: Նոտարական պալատի վարչությունը, հաշվի առնելով նոտարի բացատրությունը, օբյեկտիվորեն, բազմակողմանի ու անաչառ կերպով հետազոտում է բոլոր փաստերը և հաստատում նոտարին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը կամ դրանց բացակայությունը:

6. Կարգապահական տույժի չափը որոշվում է նոտարական պալատի վարչության կողմից` ելնելով զանցանքի կամ դրա հետևանքների առանձնահատկությունից, ծանրությունից, դրա կատարման պատճառներից ու պայմաններից:

7. Կարգապահական տույժի ենթարկելու կամ դրա համար բավարար հիմքեր չլինելու մասին որոշումը կայացվում է, եթե ներկա են վարչության անդամների ոչ պակաս, քան կեսը: Որոշումը համարվում է ընդունված, եթե դրա օգտին քվեարկել է նիստին ներկա անդամների ոչ  պակաս, քան կեսը: Ձայների հավասար լինելու դեպքում նիստի նախագահի ձայնը համարվում է որոշիչ:

8.Կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննարկումը ձևակերպվում է արձանագրությամբ կամ նոտարական պալատի որոշմամբ: Արձանագրությունից (որոշումից) քաղվածքը տրվում է նոտարական պալատի բոլոր անդամներին: Արձանագրության (որոշման ) պատճենն ուղարկվում է այն նոտարին, որի գործը քննարկվում էր:

Կարգապահական պատասխանատվության վերաբերյալ բոլոր նյութերը պահվում են նոտարական պալատում` նոտարի անձնական գործում:

9. Կարգապահական պատասխանատվության համար նոտարի վրա կարող է դրվել միայն մեկ կարգապահական տույժ:

10. Եթե կարգապահական տույժի ենթարկվելու օրվանից մեկ տարվա ընթացքում նոտարը չկատարի կարգապահական նոր խախտում, ապա տույժը համարվում է հանված:

Նոտարի մասնագիտական պարտականությունների բարեխիղճ կատարման, ակտիվ գործունեության, կրկնակի անգամ խախտում չկատարելու, ինչպես նաև անթերի վարքի դեպքում  ընդհանուր ժողովը կամ նոտարական պալատի վարչությունը տույժի ենթարկելուց վեց ամիս անց կարող է հանել տույժը:

11. Կարգապահական տույժի ենթարկվելու որոշման հետ համաձայն չլինելու դեպքում նոտարը կարող է դիմել դատարան:

 

11. Նոտարի խրախուսումը

Մասնագիտական պարտականությունների կատարման բարձր մակարդակի, երկարատև ու անթերի գործունեության, նոտարական պալատում աշխատանքի համար նախատեսվում է նոտարի խրախուսում.

1.Շնորհակալություն

2. Գործուղում` միջազգային միջոցառումներին մասնակցելու համար

3. Պատվոգիր` նոտարական պալատի կողմից

4. Պարգևատրում` արժեքավոր նվերներով

5. Նոտարական պալատը միջնորդություն է անում պետական պարգև կամ պետական կոչում շնորհելու որևէ նոտարի:

Խրախուսման մասին որոշումը, իր իրավասության սահմաններում, կարող է ընդունվել նոտարական պալատի կողմից:

ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ