Տեղեկատու » ԶԼՄ-ները մեր մասին » Ովքեր են ստորագրում կույրերի փոխարեն
01/02/2013
Ինչպես վարվել, եթե ֆիզիկական արատի պատճառով չեմ կարող ստորագրել նոտարին ներկայացված կտակը:
Հասմիկ Հարությունյան
Կենտրոն տարածքի նոտար.
- ՀՀ օրենսդրությամբ սահմանված է հատուկ կարգ այն անձանց համար, ովքեր ֆիզիկական արատի, անգրագիտության կամ որոշակի հիվանդությունների պատճառով չեն կարող ստորագրել փաստաթուղթը:
Այդ դեպքում գործարքն իրականացվում է ի տեղի ստորագրողի միջոցով. հրավիրվում է մեկ այլ անձ, ով անձամբ ստորագրել չկարողացող քաղաքացու փոխարեն ստորագրում է: Տվյալ փաստաթղթի վրա պարտադիր նշվում են ի տեղի ստորագրողի տվյալները, նա հատուկ զգուշացվում է նոտարական գաղտնիքը պահպանելու վերաբերյալ:
Քաղաքացու խնդրանքով նման գործարքին կարող են մասնակցել նաև վկաներ, քանի որ ինքն անձամբ չի ստորագրում այդ փաստաթուղթը:
Իսկ ինչ վերաբերում է ի տեղի ստորագրողի պատասխանատվությանը, ապա տվյալ գործարքով նա որևէ պատասխանատվություն չի կրում: Նա պատասխանատու է միայն նոտարական գաղտնիքը պահպանելու համար:
Ի տեղի ստորագրողի ինստիտուտի կիրառումը մի փոքր այլ է կույրերի և անգրագետ անձանց դեպքում:
Բոլոր դեպքերում, երբ վավերացվող փաստաթուղթը գործարքի բնույթ է կրում, նոտարը պարտավոր է ծանոթացնել քաղաքացուն, որպեսզի նրան պարզ լինի, թե ինչի տակ է ստորագրում: Առավել ևս, երբ փաստաթուղթը ստորագրվում է կույր քաղաքացու կողմից, նրան բարձրաձայն մանրամասն պետք է բացատրվի այդ գործարքի էությունն ի տեղի ստորագրողի և վկաների ներկայությամբ, ովքեր նույնպես ստորագրում են փաստաթուղթը:
Այնուհետև նոտարը վավերացնում է գործարքը՝ միևնույն ժամանակ վավերացնելով այդ անձանց ստորագրությունների իսկությունը:
Հեղինակ: ,Փաստինֆոե