Տեղեկատու » ԶԼՄ-ները մեր մասին » «Նման հարկային քաղաքականություն չի կիրառվում այլ երկրների նոտարական համակարգում»
07/11/2013
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նախարար նշանակվելուն պես որոշեց <<բարեփոխել նոտարիատի համակարգը>>: Իսկ այս տարվանից ուժի մեջ մտավ <<Շրջանառության հարկի մասին>> օրենքը, որը սահմանում է նոտարի կողմից մատուցված ծառայությունների հարկի նոր չափը: Ըստ այդմ` նոտարը վճարում է եկամտի 20 տոկոսը: Այս և այլ հարցերի շուրջ է <<Առաջին լրատվական>>-ի զրույցը Կենտրոնի նոտար Մարինե Մանուկյանի հետ:
- Տիկին Մանուկյան, ճի՞շտ է, որ նոտարները, հատկապես մարզերում աշխատող, 20 տոկոս եկամտահարկի վճարման հետ կապված որոշակի խնդիրներ ունեն:
- Մեր ունեցած տեղեկություններով` Ազգային ժողովում վերոնշյալ օրենքի նախնական քննարկումները եղել են 10-12 տոկոսի շուրջ, սակայն վերջնական տարբերակում նոտարի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց շրջանառվող հարկի չափը սահմանվել է 20 տոկոս: Արդյունքում ոչ միայն մարզերի, այլ նաև Երևան քաղաքի նոտարների մեծ մասն ունեն խնդիրներ, քանի որ նոտարների գերակշիռ մասն աշխատում է վարձակալած տարածքներում բոլոր նոտարներն իրենց միջոցներով են ձեռք բերում նյութատեխնիկական, տրանսպորտային և այլ գրասենյակային պարագաներ, որպես գործատու են հանդիսանում նոտարական գրասենյակի աշխատակիցների համար, և եթե շրջանառությունից առանց ծախսերն հանելու վճարվի 20 տոկոսի չափով հարկ, ապա մեծ թվով նոտարական գրասենյակներ կկանգնեն խնդրի առաջ:
Տարակուսանք է առաջացնում այն փաստը, որ քաղաքացիներին իրավաբանական ծառայություն մատուցող այլ խմբերի նկատմամբ կիրառվում է անհամեմատ ավելի մեղմ հարկային քաղաքականություն: Նաև ուսումնասիրելով Նոտարական համակարգի միջազգային և տարածաշրջանային փորձը` ակնհայտ է դառնում, որ նման հարկային քաղաքականություն չի կիրառվում այլ երկրների նոտարական համակարգում:
- Ի՞նչ ազդեցություն է ունեցել նոտարի աշխատանքի վրա այն հանգամանքը, որ նրանցից որոշ գործառույթներ վերցվել և տրվել են կադաստրին, և որքանո՞վ է ավելի պաշտպանված քաղաքացին նոտարին դիմելով:
- Ոչ թե ,վերցրեցին տվեցինե, այլ 2012 թվականին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի մեջ տեղի ունեցան որոշակի փոփոխություններ, որի արդյունքում անշարժ գույքի հետ կապված գործարքները, որոնք կնքվում են կառավարության կողմից սահմանված նմուշային ձևերով` ենթակա չեն պարտադիր նոտարական վավերացման և կարող են կնքվել անշարժ գույքի կադաստրի սպասարկման գրասենյակներում: Ցանկանում եմ նշել, որ տվյալ դեպքում կադաստրի համապատասխան աշխատակցի ներկայությամբ կողմերը պարզապես ստորագրում են նմուշային ձևի տակ: Տարբերությունն ակնհայտ է. նոտարի ստորագրությամբ և կնիքով վավերացված փաստաթուղթը ունի օրենքով նախատեսված հանրային հեղինակություն և լիարժեք ապացուցողական ուժ: Քաղաքացու կողմից նոտարին ներկայացվող փաստաթղթերը (լիազորագրեր, տեղեկանքներ, վկայականներ և այլն) նոտարի կողմից մանրակրկիտ ուսումնասիրվում են, անհրաժեշտության դեպքում բանավոր կամ գրավոր հարցումներով նոտարը հավաստիանում է այս կամ այն փաստաթղթի օրինականության մեջ, որի արդյունքում հայտնաբերում և կանխում է բազմաթիվ կեղծ փաստաթղթերի հիման վրա կատարվող գործարքները: Այնուամենայնիվ, քաղաքացին ունի ընտրության իրավունք, և սա նույնպես կարելի է համարել բարեփոխում:
- Որպես նոտար, Ձեր կարծիքով` օրենսդրական վերջին փոփոխությունները ի՞նչ ազդեցություն են ունեցել նոտարների աշխատանքի վրա, և արդյո՞ք դրանք բարեփոխումներ են, ինչպես պնդում են արդարադատության նախարարության ներկայացուցիչները:
- Բնականաբար, այո, դրանք բարեփոխումներ են: Վերջին տարիներին նոտարիատի բնագավառում արդեն իսկ իրականացվել են որոշակի օրենսդրական փոփոխություններ, որոնց արդյունքում նոտար դառնալու ընթացակարգերը որոշակիորեն ազատականացվել են, կառավարության որոշմամբ փոփոխվել են սահմանված ծառայության սակագները` նվազեցնելով նախկինում առկա միջակայքերը: Բոլոր նոտարական գրասենյակներում տեսանելի վայրերում փակցվել են յուրաքանչյուր նոտարի կողմից սահմանված սակագները և պետական տուրքի վճարները: Նոտարների կողմից ապահովված է վճարումների ընդունում, ինչպես փոխանցման, այնպես էլ կանխիկ եղանակով: Նոտարիատի բնագավառում էլեկտրոնային համակարգի հայեցակարգի ներդրմամբ, անմիջական կապ ունենալով իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, անշարժ գույքի պետական ռեգիստրի, ՔԿԱԳ մարմինների, ոստիկանության հետ և հնարավորություն ունենալով նոտարական գործողությունների կատարման համար մի շարք անհրաժեշտ փաստաթղթեր կամ տեղեկատվություն ստանալ անձամբ, առցանց եղանակով` նոտարը հնարավորություն կունենա սեղմ ժամկետներում անցնել մեկ պատուհան սկզբունքով ծառայությունների մատուցմանը: Որպես բարեփոխում հարկ եմ համարում նշել նաև նոտարական գործարքների վավերացման համար նախկինում եղած տարածքային սահմանափակումների վերացումը, ինչը նշանակում է, որ մարզերի և Երևան քաղաքի բնակիչները կարող են իրենց հայեցողությամբ ընտրել, թե որտեղ կատարել գործարքը, Երևան քաղաքում ժառանգության իրավունքի ձևակերպման ապակենտրոնացումը, որը նախկինում կենտրոնացված էր Բաղրամյան 1 փակուղի հասցեում գտնվող նոտարական գրասենյակում, որն էլ իր հերթին առաջացնում էր մեծ հերթեր, նոտարական թարգմանիչներով նոտարական գրասենյակներն ապահովելը, նոտարների հաստիքների ավելացումը, որը նույնպես նպաստեց նոտարական գրասենյակներում նախկինում առկա հերթերի վերացմանը: Առավել ակտիվ սկսեց գործել Նոտարական պալատը, որը 2012 թվականին իրականացրել է մի շարք դրական գործառույթներ, որոնք ուղղված են եղել նոտարական ծառայությունների որակի բարձրացմանը, նոտարների կողմից էթիկայի կանոնների պահպանմանը, նոտարների որակավորման բարձրացմանը, կոռուպցիոն ռիսկերի բացառմանը:
Աղբյուր ՝ 1in.am