ԹԵԺ ԳԻԾ

+374 43 555 772

Տեղեկատու » ԶԼՄ-ները մեր մասին » Հայաստանն անցնում է նոտարական ծառայությունների էլեկտրոնային համակարգին

Հայաստանն անցնում է նոտարական ծառայությունների էլեկտրոնային համակարգին

20/01/2014

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում փորձարկվող նոտարական ծառայությունների էլեկտրոնային համակարգը նախատեսվում է ամբողջությամբ գործարկել 2014 թ.-ի վերջին: Էլեկտրոնային նոտարի համակարգի գործարկմամբ կբարձրանա քաղաքացիների իրավունքների պաշտպանության և սպասարկման որակից բավարարված լինելու մակարդակը, կբարելավվի նոտարական գրասենյակների ներքին կառավարումը, կբացառվեն փաստաթղթեր կեղծելու հնարավորությունն ու փաստաթղթային քաշքշուկները: <<Արմենպրես>>-ի հետ զրույցում ՀՀ արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը տեղեկացրեց, որ համակարգի գործարկման դեպքում հնարա­վոր կլինի ստեղծել ընթացակարգերի ավտոմատացման միջավայր, որտեղ նոտարական գործողությունների բոլոր փուլերը կիրականացվեն էլեկտրոնային եղանակով:

 

«Էլեկտրոնային նոտարի համակարգի ամբողջական ներդրմամբ նոտարին հնարավորություն կտրվի նոտարական գործողությունների կատարման համար մի շարք փաստաթղթեր կամ տեղեկատվություն ստանալ անձամբ, առցանց էլեկտրոնային փաստաթղթերի փոխանակման միջոցով` զերծ պահելով դիմողին լրացուցիչ փաստաթղթեր այլ մարմիններից ստանալու պարտականությունից>>,- ասաց Օրբելյանը:

Արդարադատության փոխնախարարի խոսքով՝ հնարավորություն կստեղծվի նաև նոտարիատի բնագավառում որոշ հանրային ծառայությունների մատուցման «մեկ պատուհանիե ներդրման համար: «Նշվածի արդյունքում կկրճատվեն նոտարական վավերացման ժամկետները, կբարելավվի նոտարական գրասենյակների ներքին կառավարումը, կբացառվի փաստաթղթեր կեղծելու հնարավորությունը, կպարզեցվեն ժառանգության գործերի վարման ընթացակարգերը, իրական ժամանակում հասանելի կլինի վիճակագրական տեղեկատվությունը և այլն:Որպես վերջնական և երկարաժամկետ արդյունք՝  ակնկալվում է, որ կբարձրանա քաղաքացիների իրավունքների պաշտպանության և սպասարկման որակից բավարարված լինելու մակարդակը>>,- ասաց ՀՀ արդարադատության փոխնախարարը:

 

Էլեկտրոնային նոտարի համակարգի ծրագրային մասը պատրաստվել է ամբողջությամբ և գտնվում է ակտիվ փորձարկման փուլում: Մի շարք նոտարական գրասենյակներում այն կիրառվում է փորձնական ռեժիմով. միաժամանակ հիմնական գործընթացը շարունակում է կատարվել թղթային տարբերակով: Համակարգի վերջնական և ամբողջ ծավալով գործարկման համար, փոխնախարարի խոսքով, անհրաժեշտ է փոփոխություններ  կատարել «Նոտարիատի մասինե ՀՀ օրենքում, ինչպես նաև որոշակի տեխնիկական փոփոխություններ այլ էլեկտրոնային կառավարման համակարգերում՝ կադաստր, անձնագրային բաժին, ավտոմեքենաների ռեգիստր և այլն:

«Օրենքի փոփոխությունների նախագիծը հիմա լրամշակման փուլում է, իսկ համակարգերի տեխնիկական համակցումը իրականացվում է փորձարկմանը զուգահեռ>>,- ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ այժմ համակարգը փորձարկվում է մոտ տասը նոտարական գրասենյակում: «Նոտարական պալատի հետ ձեռք բերված համաձայնությամբ՝ 2014 թվականի փետրվարի 3-ից համակարգը լիազորագրերի մասով կփորձարկվի բոլոր նոտարական գրասենյակներում  և փորձարկումների ծավալը (գործարքների մասով) կավելանա յուրաքանչյուր ամիս>>,- ասաց Օրբելյանը:
 

 

2012 թվականին Արդարադատության նախարարությունը ՀՀ կառավարություն է ներկայացրել նոտարիատր բնագավառում էլեկտրոային համակարգի ներդրման հայեցակարգը՝ արժանանալով հավանության: Հայեցակարգի համաձայն՝ էլեկտրոնային համակարգի ներդրման համար անհրաժեշտ է շուրջ 250 հազար եվրո:

 

Աղբյուր՝ <<Արմենպրես>>

ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ