Տեղեկատու » ԶԼՄ-ները մեր մասին » Դատական իշխանությունից գործադիր. Արսեն Մկրտչյանը` նոր պաշտոնում նոր ծրագրերի մասին
13/06/2014
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախկին դատավոր, վերջերս արդարադատության փոխնախարար նշանակված Արսեն Մկրտչյանը նոր պաշտոնում Panorama.am-ին տված հարցազրույցում ներկայացրել է ծրագրերը, որոնք իրականացվելու են և կարծիք հայտնել` ինչու են դատավորները հեռանում համակարգից:
-Դատական իշխանությունից գործադիր իշխանություն, ինչպես ստացվեց անցումը, հե՞շտ էր:
-Դատական իշխանությունում երկար տարիներ աշխատել եմ իրականացնելով նաև գործադիր /վարչական/ աշխատանք: Ու այժմ, փաստորեն, շարունակում եմ նույնը: Ոլորտը նույնն է` իրավաբանական աշխատանք է ու ինձ հոգեհարազատ: Ավելի խորը չեմ մտածել:
-Պարոն Մկրտչյան, դատական համակարգից կարծես արտահոսք կա այլ համակարգեր, օրինակ դատավորները վերջին շրջանում ակտիվորեն դարձան դատախազներ, անցան գործադիր իշխանության համակարգ: Ձեր կարծիքով, ինչո՞ւ նման արտահոսք եղավ, դատական համակարգը այլևս հրապուրիչ չէ՞:
-Չեմ կարծում, որ կարելի է արտահոսքի մասին խոսել: Մի քանի գործոններ կան, որոնք իրականում հիմք են տալիս մտածել, որ կարելի է ավելին անել: Դատավորի աշխատանքը ազդեցիկ աշխատանք է, բայց այն ունի իր ծավալը, իր շրջանակը: Մարդուց է նաև: Եթե դու զգում ես, որ քո կարիքը մի այլ տեղ ավելին է և դու կարող ես ավելին անել և գուցե դա է պատճառը, որ այդ տեղաշարժի հնարավորությունը ստեղծվում է: Համենանդեպս, մեկ բան դրական է մեր օրենսդրությունում, որ կա նախկին դատավորի կարգավիճակը, որը հնարավորություն է տալիս այն անձանց, ովքեր աշխատել են երկար ժամանակ դատավորի պաշտոնում ունենալ որոշակի արտոնություններ և եթե վերադարձի հետ կապված խնդիրներ կան, ապա դրանք կբավարարվեն: Պետք չէ մտածել, որ դատավորներն անշարժ են, ճիշտ հակառակը` միգուցե դատավորների տեղաշարժը շատ արդյունավետ ազդի մի կողմից գործադիր իշխանության կամ դատախազական համակարգի աշխատանքների որակի վրա, մյուս կողմից հետմուտքը իշխանության ճյուղերից դեպի դատական համակարգ: Ճիշտն ասած, չէի սահմանափակի կյանքը այդ պաշտոնով, քանի որ մոտեցումներ, ունակություններ կան, որ անհրաժեշտ է լինում դրսևորել այլ համակարգում: Ինչո՞ւ չփորձել: Ես կարծում եմ, որ դատական իշխանության որակը շատ ավելի կբարձրանա տեղաշարժով, քան նույն տեղը մնալով: Պետք չէ ծանր տանել. եթե հասել ես դատավորի պաշտոնին ուրեմն վերչջ: Համենայնդեպս, իմ մեջ դեռևս խոսում է նախկին վարչարարը, և դատավորի աշխատանքը ինձ տվեց այլ հարցերին ճշգրիտ նայելու ուղղություններ:
-Պարոն Մկրտչյան, որքան գիտեմ, դուք համակարգում եք նոտարիատը, ռեգիստրը, Փաստաբանական դպրոցի խորհրդի անդամն եք: Ի՞նչ ժառանգություն եք ստացել և ինչի՞ց եք սկսել:
-Իհարկե, կան կատարված աշխատանքներ, և կառավարության գործունեության ծրագրում ամրագրված է այն սկզբունքը, որ կառավարությունը կարունակելու է այն հիմնական աշխատանքները, որոնք կատարված են, մասնավորապես, էլեկտրոնային նոտարիատի ներդրման աշխատանքները, ավտոմատացման աշխատանքները պետռեգիստրում և այլ կառույցներում: Բավականին լուրջ քայլեր էին կատարված ավտոմատացման ուղղությամբ և թերևս այս փուլում պետք է ապահովել դրա շարունակականությունը մինչև ծրագրերի ավարտը: Նոտարիատն այսօր իր քանակական կազմի փոփոխության ուժով դարձել է հասարակության ամենահասանելի հանրային ծառայության մասը: Համենայնդեպս, բոլոր գործողությունները պետք է իրականացվեն ի շահ մարդու` լրացուցիչ մարմիններին դիմելու իրավունքի ապահովման: Պետք է բոլոր աշխատանքներն իրականացվեն այնպես, որ մարդը մտնելով նոտարիատ, կնքելով համապատասխան գործարք, այլևս կարիք չունենա պետական մյուս մարմիններին դիմելու, բոլոր ծառայությունները ստանալ նույն գրասենյակում, նույն նոտարիատի կողմից: Ինչ վերաբերում է պետական ռեգիստրին, ապա այստեղ բավականին մեծ աշխատանք է կատարված` արդեն գործում է ավտոմատացված համակարգը: Պետական ռեգիստրը մեկ քայլ առաջ է նոտարիական համակարգից` բավականին մատչելի են դարձել այստեղ գրացնումները, այն հասանելի է օն-լայն հատվածում:
-Վերջերս մի տեղ կարդացի, որ նոտարները ուշ են գալիս աշխատանքի և որոշ իմաստով ամենաթողություն կա այդ համակարգում: Ինչպե՞ս է վերահսկվում իրավիճակը:
-Նախ նշեմ, որ կառաավրությունն իր գործունեության ծրագրում ամրագրել է մեկ սկզբունք` կառավարությունը պետք է նպաստի, որպեսզի նոտարիատը կարողանա ինքնակառավարվել: Նոտարիատը գործում է ինքնակառավարման սկզբունքի հիման վրա և այդ ինքնակառավարումը պետք է զարգացնել, և նոտարական պալատը սկսել է բավականին մեծ ծավալի աշխատանքներ ինքնուրույն կատարել: Նախարարությունը նրանց կազմակերպական հարցերով չի զբաղվում, և նախարարությունն այսօր օգնող ձեռք է նոտարիատին: Ձեր նշած դեպքերը ամփոփվել էին Երիտասարդ իրավաբանների կողմից կատարված մոնիտորինգի արդյունքներում, և արձանագրված դեպքերը երևում էին, որ մեծ կշիռ չունեին: Խոսել նոտար պաշտոնյայի մասին և հետևել նրա աշխատանքային կարգապահությանը, համահունչ չէ այդ հանրային պաշտոնյայի դիրքին, և նույն նոտարական պալատը և նոտարները շատ լավ գիտակցում են, որ իրենց աշխատանքը պետք է կատարեն ճշգրիտ, ներկա լինեն աշխատավայրում համապատասխան աշխատանքային ժամերին:
-Փաստաբանական կորպուսում ի՞նչ խնդիրներ կան, որոնք պետք է լուծեք և ի՞նչ զարգացումներ եք սպասում:
-Նախարարի հրամանով նշանակվել եմ Փաստաբանական դպրոցի խորհրդի անդամ և արդեն երկու անգամ մասնակցել եմ դպրոցի խորհրդի աշխատանքներին ու հուսով եմ արդյունավետ է եղել իմ մասնակցությունը: Բայց փաստաբանության մասով կարող ենք փաստել մեկ բան`այսօր Հայաստանում փաստաբանությունը ամենակայացածն է: Հայաստանում գործող փաստաբանական ինքնակառավարման միավորումը, ոճը կարող է բացարձակ օրինակ դառնալ շատ-շատ երկրների համար: Ես վստահ եմ այդ հարցում: Փաստաբանությունում թերևս խնդիր կար փաստաբանական ծառայությունների որակի բարձրացման հարցում: Միայն այն փաստը, որ մենք ունենք արդեն կայացածբ փաստաբանություն և հանգիստ նստել, արդարացված չի լինի, և փաստաբաններն իրենք իսկ արձանագրում են իրենց խնդիրները, ինչը գովելի է, ունակ են իրենց խնդիրների լուծման ուղղությամբ իրականացնել գործողություններ: Կառավարությունն իր գործունեության ծրագրում փաստաբանության մասով նույնպես նախատեսել է որոշակի համակարգերի ներդրում, մասնավորապես փաստաբանական անվճար ծառայություններ մատուցելը: Արդարադատության նախարարությունը կօժանդակի առավել արդյունավետ կատարվեն այդ աշխատանքները: Մեր օրենսդրությամբ մեծ դեր է տրված փաստաբաններին, և նրանք, իրոք, շատ մեծ դեր են կատարում: Կարծում ենք, որ փաստաբանները, բացի իրենց հիմնական աշխատանքից, նաև պետք է կրեն որոշակի հանրային պատասխանատվություն` նրանց դերը շատ բարձր է արդարադատության իրականացման գործում: Ես կարծում եմ, որ փաստաբաններն ունակ կլինեն գնահատելու և ներդնելու անվճար ծառայություններ մատուցելու արդյունավետ համակարգ, հանդես գալ համապատասխան առաջարկություններով: Առաջիկայում, ինչևէ, փաստաբանների հետ հանրային իրազեկման լայն ծրագրեր կփորձենք իրականացնել: Տեսնենք, աշխատանքներն առջևում են:
--Վերջերս բուռն քննարկում ծավալվեց Արդարադատության ակադեմիայում փաստաբանների ուսանելու հարցի շուրջ: Դուք ի՞նչ տրամադրվածություն ունեք այս հարցի վերաբերյալ, պարոն Մկրտչյան:
-Ամբողջ խնդիրը համակարգերի արդյունավետ կիրառումն է, և եթե այսօր գործող Փաստաբանական դպրոցն արդյունավետ է, ապա կշարունակի գործել: Եթե ինչ-որ այլ կառույց ավելի լավն է լինելու, քան դպրոցը, ապա փաստաբաններն իրենք ինքնուրույն կարող են որոշել ու ինքնուրույն աշխատել այդ ուղղությամբ: Համենայնդեպս, մենք չունենք այնպիսի աշխատաոճ և մոտեցում, որ ասենք` սա չպետք է լինի, սա պետք լինի: Ժամականը և կառավարման համակարգը ինքնուրույն կթելադրեն զարգացումներ կամ չեն թելադրի ու կապացուցեն, որ համակարգերն ինքնուրույն գործելով շատ ավելի արդյունավետ են գործում:
Շարունակելի
Աղբյուր` Panorama.am
Հեղինակ` Հասմիկ Համբարձումյան