Տեղեկատու » Նորություններ » ՀՀ արդարադատության նախարարի ելույթը ՀՀ նոտարական պալատի ընդհանուր ժողովին
21/07/2014
ՀՀ արդարադատության նախարարի ելույթը ՀՀ նոտարական պալատի ընդհանուր ժողովին
Հարգելի գործընկերներ, Ողջունում եմ Ձեր համագումարը և մաղթում արդյունավետ աշխատանք: Թեև անցած տարիներին արձանագրվել են դրական տեղաշարժեր, սակայն ասել որ մեր նոտարիատի վիճակը բարվոք է` ինքնախաբեություն կլինի: Առաջին ցուցանիշը ձեր աշխատանքից բնակչության բավարարված լինելն է: Նոտարական համակարգը հասարակության ամենահասանելի հանրային ծառայություններից մեկն է: Լինելով մասնավոր անձ՝ դուք մարդկանց ծառայություններ եք մատուցում, այդ թվում նաև՝ պետության կողմից պատվիրակված: Կրկնում եմ, ծառայություններ եք մատուցում և պիտի բարի լինեք ծառայել մարդկանց, բնակչությանը ազնիվ, բարեհամբույր և բարձր պրոֆեսիոնալիզմով: Ձեր ծառայության առջև դրված են բազմաթիվ և բազմաբնույթ խնդիրներ՝ ժողովրդի, նաև երկրի իշխանության կողմից: Կառավարության 2014թ. ծրագրով նախատեսվել է լիարժեք ներդնել՝ 1. նոտարիատում ինքնակառավարման համակարգ, 2. էլեկտրոնային նոտարիատ, 3. նոտարների գույքային պատասխանատվության առավել արդյունավետ համակարգ: Այս ուղղություններով առաջիկա ամիսներին մենք հանդես կգանք համապատասխան օրենսդրական նախաձեռնություններով: Բնականաբար, ճիշտ լուծումներ գտնելու տեսակետից՝ ձեր ակտիվությունը շատ կարևոր է: Դա ձեր ինքնակարգավորման և ինքնակառավարման մարմինների սուրբ գործն է, որը իմ կարծիքով պետք է էականորեն ակտիվացնել, հակառակ պարագայում չեք լինի գնացքում. կլինեք գնացքի ետևից վազողների շարքում: Նոտարական համակարգում, ինքներդ գիտեք, կան բազում խնդիրներ՝ •Հայաստանում նոտարական համակարգի ինքնակառավարման ամրապնդումը առաջնահերթություն է՝ նոտարական համակարգը պետք է իրավունք և հնարավորություն ունենա կանոնակարգելու, կառավարելու և գնահատելու համակարգը և ձեր գործունեության առանձին ուղղությունները: • Մեկ պատուհանի սկզբունքով նոտարական ծառայությունների լիարժեք ներդնում: Մեկ պատուհանի սկզբունքի կիրառումը սկսվել է անշարժ գույքի պետական ռեգիստրի հետ կապի հաստատմամբ, այնուամենայնիվ շատ քիչ թվով նոտարներ են միացել այս համակարգին, ինչը հրատապ լուծման ենթակա խնդիր է: Խնդիր է նաև, այն, որ պիտի փորձենք լուծել, նոտարի հասանելիությունները այլ անհրաժեշտ ռեեստրներին. • Կարևորագույն խնդիր եմ համարում նոտարական էթիկային վերաբերող հիմնահարցերը: Նոտարը պետք է իր վարքով և ամենօրյա գործունեությամբ վստահություն ձևավորի իր անձի, աշխատանքի և ամբողջ նոտարական համակարգի նկատմամբ: Դա ապահովելու համար դուք պետք է ստեղծեք էթիկական վերահսկողության արդյունավետ համարգ: • Էլեկտրոնային նոտարի համակարգի ներդնումը մեր առաջիկա համատեղ գործունեության ուղղություններից մեկն է լինելու: Սա կբացառի թղթային կրիչի վրա ներկայացվող փաստաթղթերի կեղծման հնարավորությունը, կբարձրացնի գործարքների անվտանգությունը և կապահովի սպասարկման բարձր որակը: • Նոտարի գույքային պատասխանատվության սահմանների հստակեցումն անհրաժեշտ է, որպեսզի նոտարի կողմից նոտարական գործողություններ իրականացնելու հետևանքով պատճառված վնասի հատուցումը երաշխավորված լինի: • Կարևոր խնդիր եմ համարում Նոտարի կատարողական մակագրության ինսիտիտուտի ներդնումը: • Բազմաթիվ խնդիրներ կան արձանագրված ժառանգությանն առնչվող գործարքներում: Անհրաժեշտ է լրջորեն մտածել գործընթացների պարզեցման և ավտոմատացման մասին: • Անհասկանալի իրավիճակ է տիրում նոտարների կողմից արխիվների վարման հարցերում: Պետք է մտածել Արխիվների վարման կարգի միասնականացման և դրանց հասանելիության մեխանիզմներ ներդնելու մասին: • Նոտարների օպտիմալ ծանրաբեռնվածություն ապահովելու նպատակով անհրաժեշտ է մտածել բնակչության քանակի վրա հիմնված տարածքային բաժանումից գործարքների ծավալի վրա հիմնված տարածքային բաժանման անցնելու նպատակահարմարության մասին: • Նոտարական գրասենյակներում հերթերի գոյացման կանխման և գրասենյակների ծանրաբեռնվածության համաչափ բաշխման նպատակով անհրաժեշտ է հերթերի կառավարման և հերթագրման արդյունավետ մեթոդներ ներդնել: Նման փորձ կա ծառայությունների մատուցման այլ ոլորտներում, այնպես որ մեծ բարդություն չի ներկայացնում համակարգի արագ ներդնումը: • Անհրաժեշտ է մտածել դատարանին ընդդատյա հարցերով՝ վեճերի բացակայության դեպքում, նոտարներին կոնկրետ ոլորտներում որոշումների կայացման հնարավորություն ընձեռելու մասին: Սա ոչ միայն առավել արդյունավետ կդարձնի այս գործառույթը, այլև հնարավորություն կտա նվազեցնել դատարանների ծանրաբեռնվածությունը: • Մեր քննարկման դաշտում գտնվող կարևոր հարցերից մեկը նոտարական գործողությունների սակագների և նոտարների հարկման համակարգի արդյունավետության հարցերն են, որոնք կարծում եմ ունեն օպտիմալացման և վերանայման կարիք: Հարգելի գործընկերներ, հասկանում եք, որ խնդիրները բարդ են, բազմաոլորտ և հաճախ ոչ հեշտ լուծելի: Սակայն աշխատանքը լուծում է ցանկացած հարց: Բացի այդ, դուք կունենաք իմ և նախարարության ամենօրյա աջակցությունը: Սակայն ուզում եմ հատուկ արձանագրել մի կարևոր բան՝ աջակցություն և բարեհաճ վերաբերմունք կստանաք միայն այն պարագայում, երբ լրջորեն կաշխատեք իմ նախանշած ուղղություններով և կզգացվի, որ անում եք ամեն ինչ ձեր աշխատանքի որակը բարելավելու և բնակչության սպասարկման պատշաճ մակարդակ ապահովելու համար: Դուք այսօր առիթ կունենաք քննարկումներ անելու, հետևություններ, այդ թվում կազմակերպչական հետևություններ անելու: Եվ անկեղծորեն ցանկանում եմ, որպեսզի ստեղծեք ձեր համակարգում այնպիսի իրավիճակ, որ նման հետևություններ ստիպված չլինեմ անելու: Որպես վերջաբան ուզում եմ լավ հիշեք. ձեր գործունեության գնահատականի հիմնական ցուցիչը ինձ համար լինելու է ժողովրդի վերաբերմունքը նոտարական համակարգի և ձեզնից յուրաքանչյուրի աշխատանքի վերաբերյալ: