Տեղեկատու » ԶԼՄ-ները մեր մասին » Երկու և ավելի անձանց պատկանող գույքի սեփականության իրավական կարգավորումը. պարզաբանում է նոտարը
11/02/2015
Արդյո՞ք այն բոլոր դեպքերում, երբ գույքը պատկանում է 2 և ավելի անձանց, բոլոր սեփականատերերի համաձայնությունը հարկավոր է գույքի տնօրինման (վաճառքի, գրավադրման, նվիրատվության և այլն) համար:
Հարկ է նշել, որ ՀՀ օրենսդրությունը նախատեսում է ընդհանուր սեփականության 2 տեսակ՝ ընդհանուր բաժնային և ընդհանուր համատեղ սեփականություն:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ համատեղ սեփականության ներքո գտնվող գույքը տնօրինվում է բոլոր մասնակիցների համաձայնությամբ: Նույն կանոնը նախատեսված է նաև բաժնային սեփականության ներքո գտնվող գույքը տնօրինելու համար (ՀՀ Քաղ. օր. հոդվ. 192, կետ 1): Միաժամանակ, ի տարբերություն համատեղի, բաժնային սեփականությանը բնորոշ է նախապես որոշված բաժինների առկայությունը և այդ բաժիններից յուրաքանչյուրը սեփական հայեցողությամբ տնօրինելու՝ բաժնեմասի սեփականատիրոջ հնարավորությունը: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 192-րդհոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գույքի նկատմամբ բաժնային սեփականության ռեժիմ սահմանելու դեպքում սեփականատերերից յուրաքանչյուրն կարող է վաճառել, նվիրել, կտակել, գրավ դնել կամ այլ կերպ տնօրինել իր բաժինը` պարզապես դրա հատուցելի օտարման դեպքում պահպանելով նույն օրենսգրքի 195 հոդվածում (գնման նախապատվություն) նախատեսված կանոնները:
Ասվածից հետևում է, որ մյուս համասեփականատերերի գնելու նախապատվության իրավունքը չի գործում այն բոլոր դեպքերում, երբ բաժինն օտարվում է անհատույց: Օրինակ` նվիրատվության դեպքում: Հաշվի առնելով, որ նվիրատվության պայմանագիրն անհատույց գործարք է, գույքի նկատմամբ բաժնային սեփականության ռեժիմ սահմանված լինելու դեպքում առանց որևէ խոչընդոտի սեփականատերերից յուրաքանչյուրը կարող է նվիրել իրեն պատկանող բաժնեմասը:
«Էրեբունի» նոտարական տարածքի նոտար Նոննա Քամալյան
«Պարզաբանում է նոտարը» խորագիրը՝ Իրավաբան.net-ի և ՀՀ նոտարական պալատի համատեղ նախաձեռնությունն է, որի նպատակն է բարձրացնել քաղաքացիների իրավական իրազեկության մակարդակը:
Աղբյուր ՝ Իրավաբան.net