Տեղեկատու » Նորություններ » Սանկտ-Պետերբուրգում մեկնարկվեց 5-րդ Միջազգային իրավաբանական ֆորումը
15/06/2015
2015 թվականի մայիսի 27-30 Սանկտ-Պետերբուրգում մեկնարկվեց 5-րդ Միջազգային իրավաբանական ֆորումը, որը կազմակերպվել էր ՌԴ Արդարադատության նախարարության կողմից: Ֆորումի անցկացման կարգադրությունը սույն թվականի փետրվարի 5-ին ստորագրվել էր ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից: Ֆորումին մասնակցեցին տարբեր երկրներից բարձրաստիճան անձինք, միջազգային իրավաբանական միությունների անդամներ, գործարար աշխարհի ներկայացուցիչներ` շուրջ 80 երկրից:
Միջազգային Ֆորումի լիագումար նիստը բացեց ՌԴ Կառավարության ղեկավար Դ. Մեդվեդևը` իր զեկույցում նշելով այն խնդիրները, որոնք այսօր հուզում են ինչպես ռուս, այնպես էլ արտասահմանյան իրավագետներին: Լիագումար նիստին հանդես եկավ ՌԴ Արդարադատության նախարար Ալեքսանդր Կոնովալովը, ինչպես նաև Ֆորումի հյուրերից` Ավստրիայի և Իտալիայի Արդարադատության նախարարները, Հարվարդի Համալսարանի պրոֆեսորներ և այլոք:
ՌԴ Արդարադատության նախարար Ալեքսանդր Կոնովալովը լրագրողների հետ անցկացրեց մամլո ասուլիս մի շարք հարցերի վերաբերյալ, անդրադառնալով նաև նոտարի իրավասություններին: Նրա խոսքով «ՌԴ Արդարադատության նախարարությունը միշտ կողմ է եղել և շարունակում է կողմ լինել նոտարիատի ընդլայնված իրավասություններին, հաշվի առնելով, որ ներկայումս ի տարբերություն մյուս ինստիտուտների նոտարիատն աշխատում է զգալի կազմակերպված, ունի հսկա պոտենցիալ, հետևաբար պետք է օժտված լինի առավել լայն իրավասություններով»:
Ըստ Ա. Կոնովալովի մի շարք երկրների փորձը, այդ թվում` Ամերիկայի մի քանի նահանգների, որոնք արդեն իսկ միացել են Լատինական Միջազգային նոտարիատի համակարգին, ցույց տվեց, որ «նոտարն է այն պատասխանատու անձը, ով կարող է մաքսիմալ լիարժեք հնարավորություններով ապահովել իրավախախտումների կանխարգելումը, գործարքների անվտանգությունը և զերծ պահել քաղաքացիական իրավունքի սուբյեկտներին խարդախություններից»:
Միջազգային ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության, Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի Դաշնության Ֆեդերալ նոտարական պալատների ղեկավարները մայիսի 28-ին անցկացրեցին գործնական հանդիպումներ, որոնք կազմակերպվել էին Ռուսաստանի Դաշնության Արդարադատության նախարարության և ՌԴ Ֆեդերալ նոտարական պալատի կողմից:
ՀՀ Նոտարական պալատից Ֆորումի շրջանակներում անցկացված կլոր սեղանին մասնակցեցին ՀՀ Նոտարական պալատի նախագահ Հասմիկ Հարությունյանը և ՀՀ Նոտարական պալատի վարչության անդամ Մարինե Մանուկյանը:
ՌԴ Ֆեդերալ նոտարական պալատի նախագահ Կոնստանտին Կորսիկը նշեց, որ Եվրասիական Նոտարիատի Միության ստեղծումը գործնական հանդիպման գլխավոր նպատակն է: Հաշվի առնելով Ղրղզստանի միացումը ԵՏՄ-ին, Կ. Կորսիկը նշեց, որ պետք է նաև ԵՆՄ-ին ներգրավել Ղրղզստանի նոտարիատի ներկայացուցիչներին, հնարավոր է սկզբում որպես դիտորդ:
Ողջույնի խոսքով հանդես եկավ ՌԴ Նախագահի աշխատակազմի իրավական հարցերով ներկայացուցիչ Ալեքսեյ Վյաչեսլավի Տերենտևը: Իր ելույթում նա նշեց, որ ՌԴ Ֆեդերալ նոտարական պալատի, ՀՀ նոտարական պալատի, Ղազախստանի նոտարական պալատի և Բելառուսի նոտարական պալատի համատեղ աշխատանքները կտան իրենց դրական արդյունքները և հույս հայտնեց, որ արդյունքում կստեղծվի միասնական էլեկտրոնային համակարգ և ԵՆՄ անդամ նոտարական պալատներն ու համակարգերը հնարավորություն կունենան համագործակցել էլեկտրոնային միասնական ցանցի միջոցով:
Հայաստանի Հանրապետության նոտարական պալատի նախագահ Հասմիկ Հարությունյանն իր հերթին ներկայացրեց «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների և լրացումների նախագծում տեղ գտած հարցերը և նշեց դրանց կարևորությունը: Նա փաստեց, որ Հայաստանում «քաղաքացիական իրավունքների իրականացման գործընթացում նոտարը կարևոր դեր ունի»: Անշարժ գույքի և իրավաբանական անձանց հետ կապված գործարքներով նոտարը գործում է «մեկ պատուհանի» սկզբունքով` հնարավորություն տալով քաղաքացիական իրավունքի սուբյեկտներին կատարել օրենքով թույլատրվող բոլոր անհրաժեշտ գործարքները /գործողությունները/, այդ թվում`
- իրականացնում է օրենքով սահմանված կարգով գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցում և տրամադրում գույքի նկատմամբ իրավունքը հաստատող ավարտական փաստաթուղթ,
- իրականացնում է իրավաբանական անձանց, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառում իրականացնող մարմնի սպասարկման գրասենյակների գործառույթներ:
ՀՀ Նոտարական պալատի նախագահը միաժամանակ ընդգծեց, որ օրենսդրության վերջին փոփոխությունների արդյունքում Հայաստանում կընդլայնվեն նոտարի լիազորությունները: Այսինքն, նոտարին հնարավորություն կընձեռնվի իրականացնել նաև հետևյալ գործառույթները, մասնավորապես`
- ծննդյան, ամուսնության, ամուսնալուծության, մահվան և այլ վկայականների տրամադրում,
- կատարողական թերթի տրամադրում, կատարողական մակագրության կատարում, պարտապանից դրամական գումարներ բռնագանձելու կամ գույք պահանջելու վերաբերյալ:
Ղազախստանի նոտարական պալատի ղեկավար Ասել Ժանաբիլովան նշեց, որ Ղազախստանում բավականին հեշտացվել է նոտարի աշխատակազմի աշխատանքը, քանի որ պարզեցվել է էլեկտրոնային նոտար համակարգի ծրագիրը և պատրաստակամություն հայտնեց այդ փորձով կիսվել գործընկեր երկրների նոտարական պալատների հետ: Նրա խոսքով «հետագա համագործակցության արդյունքում կծագեն բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները պետք է գտնել միասին` ուսումնասիրելով նշված պետությունների օրենսդրական դաշտերը և նոտարական պրակտիկան»:
Բելառուսի նոտարական պալատի նախագահ Նատալյա Բորիսենկոն նշեց, որ համաձայն է իր գործընկերների հետ, այն առումով որ կնքված համաձայնագրի շրջանակներում պետք է դրվեն հստակ խնդիրներ և առաջադրվեն լուծումներ: Նոտարիատը` թե տեսականորեն, և թե գործնականում պետք է զարգանա գործող օրենսդրությանը համահունչ, որպեսզի արդյունքում ստեղծվի միասնական կայուն իրավական դաշտ:
ՌԴ Արդարադատության նախարարի խորհրդական Մարիյա Մելնիկովան իր խոսքում նշեց, որ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության, Ղազախստանի, Բելառուսի նոտարական պալատների փոխհամագործակցությունը կհարստացնի ԵՏՄ անդամ պետությունների օրենսդրական դաշտերը: Նա նշեց, որ «համատեղ աշխատանքի մեխանիզմները պետք է նպաստեն արդյունավետ և քաղաքակիրթ իրավահարաբերությունների շրջանառությանը»:
Այնուհետև, մայիսի 29-ին Ֆորումի շրջանակներում տեղի ունեցավ կլոր սեղան` «Բիզնեսի ժառանգում» թեմայով:
Ընդհանուր վիճակագրությունը ցույց է տալիս, որ ավելի քան 70% կազմակերպություններ սեփականատիրոջ մահից հետո մի քանի տարվա ընթացքում լուծարվում են: Ընդ որում առաջանում են ինչպես տնտեսական, այնպես էլ սոցիալական բնույթի մի շարք խնդիրներ: Չէ որ բիզնեսի ժառանգման խնդիրը հետաքրքրում է ոչ միայն ժառանգին, այլ նաև տվյալ կազմակերպության աշխատակազմին:
Պետք է նշել, որ բանախոսների կազմը բավականին հեղինակավոր էր, քննարկմանը մասնակցում էին ՌԴ Ֆեդերալ նոտարական պալատի նախագահ` Կոնստանտին Կորսիկը, ՌԴ Արդադատության նախարարի խորհրդական` Մարինա Մելնիկովան, ՌԴ Նախագահի աշխատակազմի իրավական հարցերով ներկայացուցիչ Ալեքսեյ Վյաչեսլավի Տերենտևը, Միջազգային Նոտարական Միության նախագահ` Դանիել-Սեդար Սենգորը, Գերմանիայի նոտարական պալատի փոխնախագահ` Ռիչարդ Բոկը, Շվեցիայի նոտար` Լորան Բեսսոն, Ֆրանսիայի բարձրագույն նոտարների խորհրդի ներկայացուցիչ` Սերժ Դակոն, Անգլիայի և Ուելսի նոտար` Ալիսա Գրաֆտոնը, Լյուքսեմբուրգի խորհրդատու` պր-ն Նիկոլա Մոռունան, ՌԴ Պետական դումայի պատգամավոր Պավել Կրաշեննիկովը, ՌԴ մարզային նոտարական պալատների նախագահներ, ԵՏՄ անդամ նոտարական պալատների նախագահներ, նոտարներ:
Բացման խոսքով ելույթ ունեցավ Միջազգային Նոտարական Միության նախագահ` Դանիել-Սեդար Սենգորը: Նա խոսեց վերը նշված թեմայի կարևորության մասին` շեշտելով նոտարի կարևոր դերը բիզնեսի ժառանգման հարցում: «Նոտարները պետք է լավ պատկերացում ունենան նշված թեմայի կարևորության աստիճանի վերաբերյալ և հստակ տեղյակ լինեն, որ բիզնեսի ժառանգման հարցը պահանջում է բավականին ժամանակ և գերուշադրություն, քանի որ բիզնեսի ժառանգման ժամանակահատվածում առաջանում են ռիսկերի աճ գործընկերների համար, մրցակցության դաշտ են դուրս գալիս շահագրգիռ անձինք: Եվ այս իրավիճակում կարևորվում է նոտարի դերը անաչառ և օբյեկտիվ իրականացնելու ժառանգական գործընթացը և ավարտական ձևակերպումը: Սակայն պետք է նշել, որ նոտարի ոչ պրոֆեսիոնալ գործողությունները կարող են լինել ճակատագրական»: Եվ այս համատեքստում կարևորվեց նոտարի և նրա աշխատակազմի մասնագիտական գիտելիքների և հմտությունների բարձրացմանն ուղղված տարբեր ձևաչափերով միջոցառումների կազմակերպումը: Ավարտելով ելույթը, ՄՆՄ նախագահն ասաց, որ այս տարվա հոկտեմբերին նախատեսվում է ներդնել Եվրոպական ժառանգման կանոնները և ընթացակարգը:
Գերմանիայի Դաշնային Հանրապետության նոտարական պալատի փոխնախագահ, նոտար` Ռիչարդ Բոկն իր ելույթում նշեց, որ գերմանացի նոտարները հաճախ են առնչվում բիզնեսի փոխանցման գործարքներին, քանի որ Գերմանիայի քաղաքացիական օրենսդրությունը նախատեսում է նոտարի պարտադիր մասնակցությունն անշարժ գույքի հետ կապված գործարքներում, կազմակերպության կանոնադրական կապիտալի բաժնեմասերի հետ գործարքներում, ինչպես նաև ժառանգության ձևակերպման գործարքներում: Նրա կողմից ներկայացվեց մի շարք հայտնի և խոշոր ընկերությունների բաժնեմասերի ժառանգման գործընթացն իրականացնելիս ծագած բարդությունները և դրանց լուծումները:
Ֆրանսիայի նոտար Սերժ Դասկոն նախազգուշացրեց գորժընկերներին, որ երբ խոսքը վերաբերում է բիզնեսի ժառանգմանն, ապա կարող է ուշ լինել որևէ բան փոխելու համար: Հետևաբար, սեփականատերը պետք է նախօրոք որոշի, թե ինչպես է փոխանցելու իր ընկերության բաժնեմասը, իսկ նոտարը իր հերթին կաջակցի իրեն այդ հարցում: Առկա են բազմաթիվ տարբերակներ բիզնեսի փոխանցումն առանց վնասների իրակացման համար: Պարզապես պետք է ժամանակին դիմել նոտարին և հետևել վերջինիս խորհուրդներին` պաշտպանելով սեփականությունը:
Անգլիայի և Ուելսի նոտար Ալիսա Գրաֆտոն խոսեց Տրաստի դերի մասին: Նա թվարկեց անգլիական իրավունքի հիմնական սկզբունքները, որոնք կիրառվում են ժառանգման իրավունքում, նա անդրադարձավ նաև ըստ կտակի ժառանգման հարցերին:
Այսպիսով, բարձր գնահատելով Միջազգային ֆորումի դերը, մասնակիցները համակարծիք էին նմանատիպ միջոցառումների արդյունավետությանը` փորձի փոխանակման և միասնական մոտեցումներ դրսևորելու իմաստով: