Տեղեկատու » Նորություններ » Փորձի փոխանակում` ԵՏՄ անդամ-երկրների նոտարական պալատների միջև
01/08/2017
Հուլիսի 19-22-ը Մոսկվայում տեղի ունեցավ ԵՏՄ անդամ-երկրների`Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի նոտարական պալատների փորձի փոխանակում: Միջոցառումն իրականացվում էր ԵՏՄ անդամ-երկրների նոտարական պալատների փոխադարձ համագործակցության վերաբերյալ համաձայնագրի համատեքստում:
Միջոցառման շրջանակներում հուլիսի 20-ին նոտարական պատվիրակությունն այցելեց Ռուսաստանի Դաշնային նոտարական պալատ: Գործնական հանդիպման ընթացքում կողմերը, պալատի նախագահի խորհրդական Ալեքսանդր Յանինի գլխավորությամբ, քննարկեցին նոտարիատի գործունեության կանոնակարգմանը վերաբերող նորմատիվ իրավական, ինչպես նաև նոտարական գործունեությանը վերաբերող գործնական հարցեր: Քննարկվեցին նաև մասնակից երկրների օրենսդրություններում տեղի ունեցած փոփոխությունները, նոտարների աշխատանքում իննովացիոն և տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման առանձնահատկությունները: Հատկանշական է, որ ինչպես վերոնշյալ, այնպես էլ մի շարք այլ հարցեր արդիական են մասնակից ԵՏՄ անդամ բոլոր երկրների նոտարական համակարգերի համար:
Հայկական կողմից փորձի փոխանակմանը մասնակցող ՀՀ «Էրեբունի» նոտարական տարածքի նոտար Անահիտ Ղազարյանը և ՀՀ «Մասիսի» նոտարական տարածքի նոտար Հերիքնազ Ղարիբյանը մասնակիցների հարցմամբ ներկայացրեցին «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի վերջին փոփոխությունները և այդ համատեքստում իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման գործընթացի կիրառումը:
Նշենք, որ փորձի փոխանակմանը մասնակցում էին նաև Ղրղզստանի նոտարները` դիտորդի կարգավիճակով:
Հիշեցնենք, որ ԵՏՄ անդամ-երկրների նոտարական պալատների փոխադարձ համագործակցության համաձայնագիրը ստորագրվել է 2014թ.-ին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի նոտարական պալատների նախագահների կողմից: