Տեղեկատու » Նորություններ » ՀՀ Արդարադատության նախարարի այցը ՀՀ Նոտարական պալատ
29/06/2018
Սույն թվականի հունիսի 28-ին ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այցելել է ՀՀ նոտարական պալատ, հանդիպել է Պալատի նախագահ Վանինե Հովսեփյանին, վարչության անդամներին և աշխատակազմի ղեկավարին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը:
Նախարարը նշել է, որ ժողովրդի սպասելիքները ՀՀ կառավարությունից, ինչպես նաև արդարադատություն իրականացնող մարմիններից մեծ է։
«Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող նոտարն իր բարեխիղճ աշխատանքի միջոցով պետք է պահպանի Հայաստանի ներկայիս բարձր վարկանիշը»,- ընդգծել է Նախարարը և հավելել, որ ՀՀ արդարադատության նախարարությունն անելու է առավելագույնը նոտարական համակարգի արդյունավետությունը բարձրացնելու և քաղաքացիների համար ավելի բարձրորակ ծառայություններ ապահովելու հարցում:
ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը անդրադարձել է ըստ կտակի և ըստ օրենքի ժառանգության ընդունման խնդիրներին՝ մասնավորապես հիշեցրեց ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածի 6-րդ կետի դրույթը, այն է ժառանգի կողմից ժառանգությունը չընդունելը հանգեցնում է նույն հետևանքներին, ինչը ժառանգությունից հրաժարվելն առանց այն անձին նշելու, հօգուտ որի նա հրաժարվել է ժառանգությունից, եթե այլ բան սահմանված չէ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով:
Ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը անդրադարձել է նոտարների կողմից ընդունվող փաստաթղթերի պատշաճ, ամբողջական ուսումնասիրության անհրաժեշտությանը, որի վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նաև հավելել է, որ հնարավորության դեպքում ՀՀ նոտարների կողմից անհրաժեշտ տեղեկատվությունը պետք է ձեռք բերել էլեկտրոնային եղանակով (եթե դա չի հակասում օրենքի պահանջին)՝ քաղաքացուն հավելյալ անհարմարություններից զերծ պահելու նպատակով։ Նախարարը նշել է, որ թվային տեխնոլոգիաները զարգանում են և պետք է ջանալ, որպեսզի ՀՀ նոտարները տիրապետեն բոլոր փոփոխություններին։ Արտակ Զեյնալյանը նոտարական պալատի նախագահից և վարչության անդամներից հետաքրքրվել է ոլորտի խնդիրներով, իր կողմից բարձրացրել լուծման ենթակա մի շարք հարցեր՝ որոշ բնակավայրերում նոտարի կողմից մատուցվող ծառայությունների ապահովում, դատարանները բեռնաթափելու նպատակով մի շարք գործառույթներ նոտարներին պատվիրակելու անհրաժեշտություն և այլն:
Պալատի նախագահ Վանինե Հովսեփյանը շնորհակալություն է հայտնել նախարարին այցի համար և նշել, որ չնայած վերջին տարիների ընթացքում «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում կատարվել են փոփոխություններ, այդուհանդերձ, ոլորտը բարելավելու անհրաժեշտություն կա:
Պալատի նախագահը հատկապես կարևորել է նոտարների կողմից միասնական պրակտիկայի ձևավորման անհրաժեշտությունն ու միասնական արխիվի ստեղծման հարցը:
Նախարար Զեյնալյանը բարձրացված մի շարք հարցերի վերաբերյալ տվել է համապատասխան հանձնարարականներ, քննարկել որոշ հարցերի լուծման հնարավորությունները:
Աշխատանքային այցի շրջանակում նախարարը հանդիպել է նաև նոտարի 9 թեկնածուների հետ, քննարկել երեք մարզերում (Լոռու մարզ՝ քաղաք Թումանյան, Սյունիքի մարզ՝ քաղաք Քաջարան, Շիրակի մարզ՝ Ախուրյան համայնք) առկա նոտարի թափուր հաստիքները նրանց կողմից համալրելու հարցը: Թեկնածուներին առաջարկվել է առաջիկայում դիրքորոշում հայտնել այդ տեղերը համալրելու վերաբերյալ: Նրանց տեղեկացվել է նաև, որ մեկ տեղի համար երկուսից ավելի հայտ ստանալու դեպքում հաստիքը կհամալրվի վիճակահանության միջոցով: