Տեղեկատու » Նորություններ » Հայաստանի առաջին մասնակցությունը թվով 16-րդ նոտարական Օլիմպիադային Լեհաստանում:
05/06/2018
Արդեն 16 տարի շարունակ Լեհաստանի նոտարները, Նոտարների համընդհանուր խորհրդի և Կրակովի նոտարական պալատի գլխավորությամբ, կազմակերպում և անցկացնում են նոտարական Օլիմպիադա, հնարավորություն ստեղծելով տարբեր երկրների իրենց կոլեգաների համար հավ→աքվելու և ուժերը չափելու ամենատարբեր սպորտաձևերում:
Ավանդույթի համաձայն, մրցումները անցկացվեցին մայիս ամսվա վերջին օրերին Լեհաստանի Կրակով քաղաքի մոտակայքում գտնվող Մշանա Դոլնա և Նովիյ Տարգ քաղաքներում:
Այս տարի օլիմպիական մարզադաշտը զարդարել էին Հայաստանի, Բելառուսի, Բուլղարիայի, Հունգարիայի, Լեհաստանի, Ռուսաստանի, Սլովակիայի, Թուրքիայի, Ուկրաինայի և Չեխիայի դրոշները: 2018 թվականը առանձնացավ մասնակիցների ռեկորդային թվով՝ 422 մասնակից: Հաղթողի տիտղոսի համար պայքարում էին 22 թիմեր, որից 11-ը Լեհաստանի նոտարիատի ներկայացուցիչներն էին:
Մրցումների բացումն արեց Օլիմպիադայի կազմակերպչական կոմիտեի նախագահ, նոտար Չշեսլավ Շինալիկը, ով շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին մարզական բարձր տրամադրության համար և ուրախությամբ փաստեց, որ տարեց տարի մասնակիցների քանակը ավելանում է: Շինալիկի խոսքերով «Հիանալի է, որ նոտարները գոնե մի քանի օրով կարող են կտրվել իրենց առօրյա աշխատանքից, հատել մի քանի հարյուրավոր կիլոմետրեր, որպեսզի Կարպատների սրտում գտնվող մարզադաշտում հանդիպեն տարբեր երկրներից ժամանած իրենց կոլեգաների հետ»:
Սպորտային մեկնարկը տրվեց լավագույն օլիմպիական ավանդույթներով: Օլիմպիական կրակը վառելուց հետո հնչեցին մասնակից երկրների հիմները, ինչպես նաև տեղի ունեցավ թիմերի հանդիսավոր երթը:
Մրցումներին առաջին անգամ մասնակցում էր Հայաստանը, ներկայանալով երկու մասնակիցներով՝ ՀՀ «ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ» և «ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ» նոտարական տարածքների նոտարներ Գագիկ Բզնունին և Ալբերտ Եգանյանը: Հպարտությամբ պետք է նշել, որ մեր մասնակիցները հավուր պատշաճի ներկայացրեցին մեր պալատը և նվաճեցին երկու մրցանակ, մասնավորապես՝ Գագիկ Բզնունին Հայաստանի թիմի համար նվաճեց առաջին ոսկե մեդալը նոտարական օլիմպիական խաղերում, ինչպես նաև Հայաստանի թիմը հաղթող ճանաչվեց ևս մեկ մրցելույթում:
Պետք է նշել, որ կազմակերպիչները ջանք ու եռանդ չեին խնայել մրցումները ամենաբարձր մակարդակով կազմակերպելու համար և ստեղծել էին բոլոր պայմանները մասնակից թիմերի համար:
Ամփոփելով 16-րդ նոտարական օլիմպիական խաղերը, ցանկանում ենք խորին շնորհակալություն հայտնել բոլոր կազմակերպիչներին՝ Չշեսլավ Շինալիկի գլխավորությամբ և այն մարդկանց ովքեր կանգնած էին մեր թիմի կողքին, հույս հայտնելով, որ ապագայում կունենանք ավելի շատ մասնակիցներ Հայաստանից և էլ ավելի շատ հաղթանակներ: