ԹԵԺ ԳԻԾ

+374 43 555 772

Տեղեկատու » Նորություններ » ԵԱՏՄ ՆՈՏԱՐԱԿԱՆ ՊԱԼԱՏՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ԵՐԿՐՆԵՐԻ ՓՈՐՁՆ ՈՒ ՆԱԽԱՆՇԵԼ ԱՆԵԼԻՔՆԵՐԸ

ԵԱՏՄ ՆՈՏԱՐԱԿԱՆ ՊԱԼԱՏՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ԵՐԿՐՆԵՐԻ ՓՈՐՁՆ ՈՒ ՆԱԽԱՆՇԵԼ ԱՆԵԼԻՔՆԵՐԸ

08/11/2021

ԵԱՏՄ նոտարական  պալատների ներկայացուցիչները նոյեմբերի 5-7-ը Երևանում տեղի ունեցած կլոր սեղան-քննարկումների ընթացքում ներկայացրել են իրենց երկրներում նոտարական գործունեությանը վերաբերող նորարարական մոտեցումները և քննարկել համատեղ գործունեության զարգացման հեռանկարները։

Քննարկմանը մասնակցել են ՀՀ նոտարական պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանը, ԲԴԽ անդամ Անի Մխիթարյանը, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Արսեն Մկրտչյանը։

ԵԱՏՄ երկրներից միջոցառմանը ներկա են գտնվել Ռուսաստանի Դաշնային նոտարական պալատի նախագահ Կոնստանտին Կորսիկը, Լենինգրադի շրջանի նոտարական պալատի նախագահ Ելենա Մոսկալը, Սամարայի նոտարական պալատի նախագահ Գալինա Նիկոլաևան։ Բելոռուսի նոտարական համայնքը ներկայացնում էին Մինսկի նոտարական պալատի նախագահ Ելենա Միտելսկայան և Բելոռուսի նոտարական պալատի վերստուգիչ հանձնաժողովի նախագահ Սվետլանա Սամսոնովան։

Ողջունելով հյուրերին՝ Հայաստանի նոտարական պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանը իր խոսքում կարևորել է նոտարական գործունեության մեջ նորարարական գործիքակազմի ներդրումը և միջազգային գործընկերների հետ ձեռք բերված հարաբերությունների խորացումը, ինչպես նաև միասնական աշխատանքային հարթակներ ստեղծելու հնարավորությունները։

«Հանդիպման նպատակն է՝ համատեղ քննարկել մեր երկրներում նոտարիատի վերաբերյալ ընդունված իրավական ակտերը և դրանց կիրառման ընթացքում վեր հանված խնդիրները, ինչպես նաև միմյանց փոխանցել այն նորարարական գործիքակազմերը, որոնք կիրառում ենք մեր երկրներում։

Գաղտնիք չէ, որ նոտարիատի ինստիտուտը իրավական պետության զարգացման ամենակարևոր ճյուղերից է։ Իրավական գործընթացների սկզբնավորումից՝ պետությունների իրավական զարգացումից ի վեր նոտարի աշխատանքն առանձնացել է և ունի իր ուրույն դերն ու դիրքը հասարակության մեջ։

Իրավմամբ կարելի է փաստել, որ մեր վավերացրած փաստթղթերը կարելի է համարել մեր պետությունների այցեքարտն այն երկրներում, որտեղ դրանք ներկայացվում են»,- նշել է նա։

Ռուսատանի Դաշնային նոտարական պալատի նախագահ Կոնստանտին Կորսիկն, անդրադառնալով ռուսական օրենսդրությանը, խոսել է նոտարական գործառույթների առցանց գործունեությանն առնչվող գործիքակազմերի ավելացման անհրաժեշտության և ավելի մեծ թվով գործարքներ վավերացնելու հնարավորության վերաբերյալ։

«Վերջին տարիներին Ռուսաստանում ընդունվել է օրենք՝ մենք այն անվանում ենք 480-րդ օրենք, որը մեկ քայլ առաջ է դիտարկվում նոտարական գործունեության զարգացման հարցում։ Այն, իր հերթին, ապահովում է իրավական գործիքակազմ կայուն և ապահով թվային շրջանառության համար։ Այս տարվանից մի շարք նոտարական գործարքներ հնարավոր է ստանալ հեռավար կարգով։ Այս ձևաչափը հնարավոր է այն դեպքում, երբ չի պահանջվում հայտատուի կարծիքը»,- նշել է ՌԴ նոտարական պալատի նախագահը։

Հայաստանյան փորձը ներկայացրել է ՀՀ նոտարական պալատի վարչության անդամ, նոտար Վահե Հովհաննիսյանը, խոսելով  ՀՀ-ում տեղի ունեցած օրենսդրական փոփոխությունների և դրանց հետևանքով առաջացած ինչպես դրական, այնպես էլ  խնդրահարույց հարցերի մասին, ներկայացնելով նաև այդ խնդիրների հաղթահարման ուղիները։

ԲԴԽ անդամ Անի Մխիթարյանը նույնպես կարևորել է նոտարիատի գործունեությունը և խոսելով կատարված օրենսդրական փոփոխությունների դրական կողմերի մասին, նշել է, որ դրանք  հանգեցրել են Հայաստանում դատական համակարգի ծանրաբեռնվածության թեթևացմանը։

Քննարկման մասնակիցները խոսել են նաև փաստաթղթերի  արխիվացման հետ կապված խնդիրների և դժվարությունների մասին։ Ռուսական կողմը խոսել է Ռուսաստանում սպասվելիք օրենքի նախագծի շրջանառության մասին, որով փորձ է արվելու կարգավորել վերոնշյալ խնդիրը։  

Կլոր սեղան-քննարկումների ընթացքում ԵԱՏՄ երկրների նոտարական պալատների ներկայացուցիչների կողմից արծարծվել են նաև նոտարական թարգմանությունների վավերացումների հետ կապված խնդիրները։  Վերջիններս առաջանում են գործընկեր երկրների հետ, ինչպես նոտարական գործարքների ընթացքում, այնպես էլ պետական հիմնարկներ ներկայացնելու ժամանակ։ Քննարկման արդյուքում կողմերը խոստացել են համատեղ քայլեր ձեռնարկել նշված հարցերին հնարավոր լուծումներ գտնելու ուղղությամբ։

Քննարկումների ավարտին մասնակցիներն արձանագրել են, որ այս ձևաչափն արդեն իսկ ավանդական է դարձել, փաստելով նաև դրա կենսունակությունը։  

Այցի շրջանակում ԵԱՏՄ նոտարական պալատների ներկայացուցիչները հանդիպում են ունեցել  ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի հետ, այնուհետև հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում, այցելել Հայաստանի Հանրապետության տեսարժան վայրեր և թանգարաններ:

ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ