Տեղեկատու » ԶԼՄ-ները մեր մասին » Փոփոխություններ ժառանգության ընդունման կարգում. նոր նախագիծ
22/12/2021
Ժառանգության ընդունման կարգում փոփոխություններ կլինեն: Գործող օրենքով ժառանգությունը ընդունվում է անձի մահվան օրվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում՝ նոտարին դիմելով: Սակայն որոշ դեպքերում ժառանգություն ընդունելիս բարդություններ են առաջանում: Խնդրի լուծման համար Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ փոփոխությունների նախագիծ են մշակել:
Նարեկ Բաբայան (ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր) - Անհրաժեշտությունը ծագել է 44-օրյա պատերազմից հետո, երբ պարզվել է, որ թեև զինվորը մահացել է անցյալ տարի պատերազմի ընթացքում, բայց մահվան պետական գրանցումը տեղի է ունեցել այս աշնանը: Մինչև մասունքները նույնականացվել են, անցել է 6 ամիս:
Եթե ռազմական գործողությունների կամ տարերային աղետների հետևանքով մահացած անձի ինքնությունը չի հաստատվել մահվանից հետո առնվազն մեկ ամսվա ընթացքում, 6 ամսվա ժամկետը անցնելուց հետո ժառանգությունը թույլատրվելու է ընդունել մահվան մասին պետական գրանցման օրվանից վեց ամսվա ընթացքում:
Լիլիթ Մուրադյան (ՀՀ նոտարական պալատի նախագահ) - Նման դեպքերում օրենսդրական փոփոխությամբ մահվան օր է համարվելու ոչ թե մահվան վկայականում գրանցված մահվան օրը, այլ մահվան վկայականի պետական գրանցման օրը: Այսինքն` եթե ժառանգատուի ինքնությունը հաստատվել է, ասենք, 2021 թվականի մարտ, փետրվար կամ նոյեմբեր ամսին, ապա նա մահացած կհամարվի ոչ թե նրա մահվան օրը՝ սեպտեմբերի 27-ից 44-օրյա ժամկետում, այլ մահացած կհամարվի մահվան վկայականը տալու օրը: Հնարավորություն կընձեռվի նրա ժառանգներին այդ վեցամսյա ժամկետը նոտարին դիմելու համար:
Նախագծի ընդունման դեպքում օրենքը հետադարձ ուժ կունենա և կտարածվի նաև 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո զոհված զինծառայողների ժառանգության ընդունման հարաբերությունների վրա: Նախագիծը քննարկվել է արդարադատության նախարարության հետ, մի շարք բովանդակային առաջարկներ են արվել:
Եվա Սաղոյան (ՀՀ ԱՆ ԻԱՓԳ գերատեսչական իրավական ակտերի փորձաքննության բաժնի պետ) - առաջարկվել է նախագծի անցումային դրույթներով հստակեցնել, որ այն դեպքում, եթե ժառանգատուի ինքնությունը հաստատվել է մինչև ուժի մեջ մտնելը, այդ անձի ժառանգները հնարավորություն կունենան ժառանգությունը ընդունել նախագծի ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում: Այսինքն՝ նրանց համար այդ ժամկետի հոսքը սկսվում է նախագծի ուժի մեջ մտնելուց հետո, ոչ թե մահվան պետական գրանցման պահից, ինչը առաջարկվում է մնացած բոլոր դեպքերի համար:
Առաջարկվող փոփոխությունները խորհրդարանում կքննարկվի արդեն հաջորդ տարի: