Հայաստանի Հանրապետության Նոտարական պալատը հրավիրել է հաշվետու, ընդհանուր ժողով, որի ընթացքում Պալատի վարչության և մշտական հանձնաժողովների նախագահները ներկայացրել են տարեկան հաշվետվությունները, քննարկվել է ՀՀ նոտարական պալատի կանոնադրության փոփոխությունների նախագիծը:
Ժողովի ընթացքում տեղի են ունեցել Նոտարական պալատի մշտական հանձնաժողովների անդամների ընտրությունները, ինչպես նաև երեք նորանշանակ նոտարներ Նառա Հովհաննիսյանը, Արմինե Դավթյանը և Ժենյա Հրաչյանը Պալատի վարչության և համայնքի ներկայացուցիչների առջև երդվել են կատարել ծառայողական պարտականություններն՝ աշխատելով արժանապատվությամբ, խորհրդակցելով իրենց խղճի ու պատվի հետ, ինչպես նաև միշտ և ամենուր բարձր պահել նոտարի դերն ու հեղինակությունը:
Ընդհանուր ժողովին մասնակցել են Արդարադատության նախարարության վերահսկողական վարչության ներկայացուցիչներ Լուսինե Աղումյանը և Արևիկ Հակոբյանը: Նրանք նախարարության անունից արդյունավետ աշխատանք են մաղթել ընդհանուր ժողովի մասնակիցներին:
Շնորհավորելով նորանշանակ նոտարներին՝ ՀՀ նոտարական պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանը հայտնել է. «Սիրով ընդունում ենք ձեզ մեր համայնք և մաղթում բարգավաճ գործունեություն: Մենք մեր հերթին կօգնենք ձեզ մեր փորձով ու գիտելիքներով, որպեսզի կարողանաք կայանալ»:
Պալատի վարչության անդամ Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է ՀՀ ՆՊ կանոնադրությունում առաջարկվող փոփոխությունների փաթեթը, որի անհրաժեշտությունն առաջացել է «ՀՀ նոտարիատի մասին» օրենքում կատարված փոփոխությունների և լրացումների արդյունքում կանոնադրությունը օրենքին համապատասխանեցնելու և որոշ ընթացակարգեր կանոնակարգելու համար:
Փոփոխություններով առաջարկվում է կարգավորել ու հստակեցնել Պալատի նախագահի, վարչության անդամների և հանձնաժողովների ընտրությունների ժամկետներն ու կարգը: Փոփոխությունների նախագծով կարգավորվել է նաև վարչության նիստերի հեռավար ձևով իրականացնելու հնարավորությունը, ինչպես նաև այլ օրակարգային հարցեր:
Պալատի նախագահն անդրադարձել է 2021 թվականի ընթացքում Պալատի արձանագրած հաջողություններին, ինչպես միջազգային համագործակցությանը, այնպես էլ ներպետական ատյանների հետ հարաբերությունների բարձրացմանն ուղղված աշխատանքներին:
ՀՀ նոտարական պալատի վերստուգիչ հանձնաժողովի նախագահ Նունե Սարգսյանը ներկայացրել է Պալատի 2021 թվականի ֆինանսական հաշվետվությունը և 2022 թվականի ծախսերի նախահաշիվը:
Նոտարական պալատի էթիկային վերաբերող հարցերի հաշվետվությունը ներկայացվել է հանձնաժողովի նախագահ Վերա Աբաջյանը: Նա անդրադարձել է Հանձնաժողովի կատարած աշխատանքներին, նոտարական էթիկայի կանոններին և դրանց պահպանությանն ուղղված միջոցառումներին:
Նոտարական պալատի նոտարական միասնական պրակտիկայի ապահովման և ուսումնամեթոդական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Աշխեն Հարությունյանն ներկայացրել է հաշվետվություն Հանձնաժողովի աշխատանքների վերաբերյալ: Նա անդրադարձել է նոտարներին, քաղաքացիներին ցուցաբերված իրավական օգնության հարցերին, տարբեր և բազմաթիվ օրենդրական փոփոխությունների վերաբերյալ Հանձնաժողովի հայտնած դիրքորոշումներին:
Ընդհանուր ժողովի ժամանակ երկարամյա գործունեության և նոտարական համակարգի կայացման և արդիականացման մեջ ունեցած ներդրման համար Նոտարական պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանի կողմից պատվոգրով պարգևատրվել են նոտարներ Վերա Աբաջյանը (35 տարի), Էդվարդ Մակարյանը (30 տարի) և Արսեն Հարությունյանը (30 տարի): Նոտարական գործունեության ընթացքում օրինակելի արխիվային աշխատանք իրականացնելու համար պատվոգրով պարգևատրվել է նոտար Լիլիթ Դադայանը:
Նոտարական պալատի հանձնաժողովների անդամների ընտրության արդյունքներում ՀՀ ՆՊ միասնական պրակտիկայի ապահովման և ուսումնամեթոդական հարցերով մշտական հանձնաժողովի անդամներ են ընտրվել նոտարներ Աշխեն Հարությունյանը, Գայանե Ազարյանը, Գուրգեն Գյուլնազարյանը, Արմեն Գրիգորյանը, Օսան Հակոբյանը, Լինա Հովսեփյանը, Վանինե Հովսեփյանը:
Նոտարական պալատի էթիկայի մշտական հանձնաժողովի անդամներ են ընտրվել նոտարներ Վերա Աբաջյանը, Էլմիրա Դանիելյանը, Սամվել Ղարիբյանը, Անուշ Ղուշչյանը, Բաբիկ Սարոյանը:
Իսկ վերստուգիչ մշտական հանձնաժողովի անդամներ են ընտրվել Ռոբերտ Մուկուչյանը, Վարդուհի Սարոյանը, Նունե Սարգսյանը:
Հանձնաժողովների այն անդամները, ովքեր մինչև ընտրություններն աշխատել են հանձնաժողովներում, իսկ այժմ ներգրավված չեն, Պալատի նախագահի կողմից պարգևատրվել են շնորհակալագրերով, հանձնաժողովներում ներդրած ներուժի, ակտիվ ու հոգատար աշխատանքի համար: