Տեղեկատու » Նորություններ » ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ ՍԻՐՎԱՐԴ ԳԵՎՈՐԳՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՖՐԱՆՍԻԱՅԻ ՆՈՏԱՐԻԱՏԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ
06/05/2022
Արդարադատության նախարարության Գլխավոր քարտուղար Սիրվարդ Գևորգյանն ընդունել է Ֆրանսիայի նոտարիատի բարձրագույն խորհրդի (SCH)՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հետ հարաբերությունների գծով ներկայացուցիչ, Փարիզ քաղաքի նոտար Վալերի Եսանուն, Ֆրանսիայի նոտարիատի բարձրագույն խորհրդի (SCH)՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հետ հարաբերությունների գծով ներկայացուցիչ, Ֆրանսիայի Բոլյո սյուր Մեր համայնքի նոտար Քրիստինա Աթանասովային, ինչպես նաև նույն կառույցի՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հետ հարաբերությունների պատասխանատու Լարիսա Ալբերտինիին։
Հանդիպմանը մասնակցում էին նաև Արդարադատության նախարարության Գլխավոր քարտուղարի տեղակալ Նվարդ Վարդանյանը, Նոտարական պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանը և Նոտարական պալատի աշխատակազմի ղեկավար Հայարփի Հայրապետյանը։Հանդիպման ընթացքում Սիրվարդ Գևորգյանը խոսել է նոտարական համակարգի շարունակական բարեփոխումների մասին։ Նա նշել է, որ նոտարական համակարգի բարեփոխումները մշտապես եղել են Արդարադատության նախարարության ուշադրության կենտրոնում, և այս համատեքստում իրականացվել են մի շարք առանցքային նշանակություն ունեցող փոփոխություններ, որոնք ոչ միայն հնարավորություն են տվել մեծացնելու նոտարական գործողությունների շրջանակը, այլև կարևոր դեր են խաղացել դատարանների ծանրաբեռնվածության թեթևացման գործում։
«Տևական ժամանակ իրավաբանական նշանակություն ունեցող փաստերը պարտադիր դատական կարգով հաստատելու պահանջն առաջացնում էր արդարացված դժգոհություն քաղաքացիների մոտ, քանի որ ժամանակատար և ծախսատար էր, մինչդեռ օրենսդրական փոփոխությունների արդյունքում հնարավոր եղավ ապահովել ծառայությունների առավել արագ մատուցումը՝ նոտարներին առանձին տեսակի իրավաբանական փաստերի հաստատման լիազորություն տրամադրելով՝ պահպանելով դատարանի կողմից նշված վարույթների իրականացումը, եթե անձն սպառել է նաև նոտարական կարգով իրավաբանական փաստի հաստատման հնարավորությունը», - իր խոսքում նշել է Սիրվարդ Գևորգյանը։Անդրադարձ է կատարվել նաև նոտարի կողմից կատարողական մակագրության թերթի տրամադրման ինստիտուտի վերականգնմանը, որը գործում էր դեռևս Խորհրդային Հայաստանի ժամանակաշրջանում։Ֆրանսիայի մեր գործընկերները, որպես Հայաստանում իրականացված կարևոր բարեփոխում, առանձնացրել են նաև էլեկտրոնային նոտարիատի համակարգի ստեղծումը՝ առանձնակի գնահատանքով նշելով Նախարարության և Նոտարական պալատի սերտ աշխատանքային կապն ու հարաբերությունների բարձր արդյունավետությունը։
Սիրվարդ Գևորգյանը հավելել է նաև, որ Հայաստանում արդեն իսկ գործում են լիազորագրերի, ժառանգությունների գործերի էլեկտրոնային շտեմարանները, ներդրվել է էլեկտրոնային եղանակով կնքված գործարքները նոտարի կողմից էլեկտրոնային եղանակով վավերացնելու հնարավորությունը, ինչը նպատակ ունի բացառելու թղթային կրիչի վրա ներկայացվող փաստաթղթերի կեղծման հնարավորությունը, բարձրացնելու գործարքների անվտանգությունը և ապահովելու սպասարկման բարձր որակը։Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել նոտարիատի բնագավառում Ֆրանսիայում իրականացված բարեփուխումները ևս դարձնել խորն ուսումնասիրության առարկա և ապահովել արդյունավետ ու շարունակական համագործակցություն։