Տեղեկատու » Նորություններ » ՀՀ ՆՈՏԱՐԱԿԱՆ ՊԱԼԱՏՈՒՄ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ՌԴ ՏԱՐԲԵՐ ՔԱՂԱՔՆԵՐԻ ԵՎ ԵՐԿՐԱՄԱՍԵՐԻ ՆՈՏԱՐՆԵՐԸ
17/10/2022
Հայաստանի Հանրապետության նոտարական պալատում հյուրընկալվել են Ռուսաստանի Դաշնության տարբեր քաղաքների և երկրամասերի նոտարներ՝ ծանոթանալու Հայաստանի նոտարական ինստիտուտի փորձին և օրենսդրական կարգավորումներին: Քննարկմանը մասնակցել են Իրկուտսկի, Կրասնոդարի, Մոսկվայի, Նովոսիբիրսկի, Եկատերինբուրգի, Կազանի, Նաբերեժնիյե-Չելնիի, Նուրլաթի, Յալուտորովսկի, Տոմսկի, Գորնո-Ալտայսկի և Բիիյսկի շուրջ երկու տասնյակ նոտարներ:
Հայ գործընկերները նրանց ներկայացրել են Հայաստանում գործող նոտարական իրավակարգերը:
Նոտարական պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանը ողջունելով ռուս գործընկերներին՝ հայտնել է, որ հայ-ռուսական նոտարական գործընկերային հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և այս այցելությունը ևս դրա վառ ապացույցն է: «Ընդհանրապես նոտարների միջազգային համագործակցությունը հնարավորություն է տալիս մասնագիտական աճին և նոր մոտեցումների ու գիտելիքների կուտակմանը: Այսօր մենք կքննարկենք Հայաստանի նոտարիատի մասին օրենքը, մեր գործունեությանն առնչվող իրավական ակտերը և ոլորտում գործող իրավակիրառ պրակտիկան»,-նշել է Լիլիթ Մուրադյանը:
Քննարկմանը մասնակցել են Նոտարական պալատի վարչության նախագահի տեղակալ Անահիտ Ղազարյանը, վարչության անդամ Մարինե Սարգսյանը, ՀՀ նոտարական պալատի միասնական պրակտիկայի ապահովման և ուսումնամեթոդական հարցերով հանձնաժողովի նախագահ Աշխեն Հարությունյանը, նույն հանձնաժողովի անդամներ Վանինե Հովսեփյանը, Լինա Հովսեփյանը, Արմեն Գրիգորյանը: