ԹԵԺ ԳԻԾ

+374 43 555 772

Տեղեկատու » Նորություններ » ԱՊՀ երկրների նոտարների միջև փաստաթղթերի և տեղեկությունների փոխանակման գործընթացն առաջիկայում, հնարավոր է՝ դառնա ավելի պարզ ու արագ։

ԱՊՀ երկրների նոտարների միջև փաստաթղթերի և տեղեկությունների փոխանակման գործընթացն առաջիկայում, հնարավոր է՝ դառնա ավելի պարզ ու արագ։

21/12/2022

          Այս հնարավորությունը քննարկվել է նոտարական գործունեության ոլորտում ԱՊՀ երկրների բազային կազմակերպության հասարակական խորհրդի տարեվերջյան նիստի ընթացքում,  որը կայացել է առցանց ռեժիմով:  Հայաստանից նիստին մասնակցել է  ՀՀ նոտարական պալատի նոտարական միասնական պրակտիկայի ապահովման և ուսումնամեթոդական հարցերով հանձնաժողովի անդամ Գայանե Ազարյանը: Հայաստանի ներկայացուցիչն առաջարկել է ոչ միայն պարզեցնել նոտարների միջև տեղեկությունների փոխանակման ընթացակարգը, այլև նոտարների ու  Քաղաքացիական կացության ակտերի գրանցման  մարմինների  միջև նման հնարավորություն ստեղծել։ Ազարյանն առաջարկել է նաև հստակ սահմանել տեղեկությունների փոխանակման, հարցումների կատարման ժամկետները, ինչն ըստ նրա` ավելի արագ ու արդյունավետ կդարձնի, հատկապես,  ժառանգական գործերի լուծումը։ Այս առաջարկները ողջունել են կազմակերպության հասարակական խորհրդի անդամները։

Տարեվերջյան նիստի ընթացքում ամփոփվել է անցնող տարում կատարված աշխատանքը, ու քննարկվել  2023-ի անելիքները: Մանրամասն անդրադարձել են էլեկտրոնային փաստաթղթերի շրջանառության  հարցերին։ Այս համատեքստում Գայանե Ազարյանը  նշել է, որ Հայաստանում հիմա աշխատանքներ են տարվում  նոտարական գործունեության ոլորտում էլեկտրոնային պայմանագրերի ներդրման ուղղությամբ։

Ի դեպ՝ նոտարական ոլորտում ԱՊՀ երկրների բազային կազմակերպության գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի կլինի  cis.belnotary.by կայքում, որի բովանդակությանն առնչվող հարցերը նույնպես քննարկվել են հասարակական խորհրի այս նիտում: Հայաստանի ներկայացուցիչն առաջարկել է կայքում տեղեկություններ հրապարակել նաև նախկին նոտարների վերաբերյալ, որ նրանց վավերացրած փաստաթղթերը կասկածի առիթ չտան։

Նոտարական գործունեության ոլորտում ԱՊՀ երկրների բազային կազմակերպության հասարակական խորհրդում ընդգրկված են Բելառուսի, Հայաստանի, Ռուսաստանի, Ուզբեկստանի,  Ղրղզստանի,  Տաջիկստանի և Ղազախստանի նոտարական պալատների ներկայացուցիչները: Կազմակերպությունն իր գործունեությունը մեկնարկել է ընթացիկ տարվա մայիսին։  Կանոնադրական նպատակներից են անդամ երկրների նոտարական համայնքներին աջակցելը օրենսդրություններն ու իրավական ակտերը  ներդաշնակեցնելու հարցում, նոտարական գործունեության վերաբերյալ խորհրդատվության տրամադրումը, միջազգային պայմանագրերի կատարման արդյունավետության  բարձրացման մեխանիզմների մշակումը, համատեղ սեմինարների, համաժողովների կազմակերպումը եւ այլ:

ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ