Կայացել է ՀՀ նոտարական պալատի ամենամյա հաշվետու ընդհանուր ժողովը, որին մասնակցել են նաև ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչները։
Պալատի նախագահն իր ողջույնի խոսքում ընդգծել է, որ նոտարական ծառայությունների որակի բարձրացում է նկատում` հիմք ընդունելով քաղաքացիների արձագանքն ու նոտարների աշխատանքի հանդեպ պետության վստահությունը։
Լիլիթ Մուրադյանը
պարգևատրել է բոլոր այն նոտարներին, որոնք արժանացել են քաղաքացիների գոհունակությանն ու այդպիսով բարձր պահել նոտարական համայնքի պատիվը։ Շնորհակալագրեր ու պատվոգրեր են ստացել նաև նոտարական պալատի աշխատանքներին գործուն մասնակցություն ցուցաբերած, ինչպես նաեւ երկար տարիներ նոտարական համայնքի կայացման գործում ներդրում ունեցած նոտարները։
Նորանշանակ նոտարներն էլ հանդիսավոր երդվել են բարձր պահել նոտարի դերն ու հեղինակությունը, արդար ու անկողմնակալ լինել։
Նոտարական պալատի հաշվետու ընդհանուր ժողովում վարչության և մշտական հանձնաժողովների նախագահները ներկայացրել են տարեկան հաշվետվությունները։ Քննարկվել են նաև նախորդ տարվա ծախսերն ու ընթացիկ տարվա համար պլանավորածները։ Ընդհանուր ժողովը հաստատել է ՀՀ նոտարական պալատի կանոնադրության մեջ լրացումների և փոփոխությունների նախագիծը։
Ընդհանուր ժողովի հաստատած ծրագրերն առաջիկայի համար շատ են, հատկապես, որ նոտարական պալատը պատրաստվում է իր հիմնադրման 20-ամյակին։