Ինչպե՞ս են ԱՊՀ երկրներում կատարվում տրանսպորտային միջոցների օտարման գործարքները, ի՞նչ ընթացակարգեր կան, ի՞նչ առանձնահատկություններ. այս հարցերի պատասխաններն են տրվել ԱՊՀ երկրների նոտարական պալատների ներկայացուցիչների համատեղ վեբինարի ընթացքում, որի նախաձեռնողը Բելառուսի նոտարական պալատն էր:
Հայաստանից վեբինարին մասակցել են ՀՀ նոտարական պալատի ներկայացուցիչները՝ նախագահ Լիլիթ Մուրադյանի գլխավորությամբ:
Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի նոտարները ներկայացրել են իրենց երկրներում նման գործարքների կատարման թե՛ օրենսդրական, թե՛ պրակտիկ առանձնահատկությունները, բարդություններն ու դրանք հաղթահարելու ճանապարհները: Փորձի փոխանակման հերթական այս հնարավորությունը թույլ է տվել նոտարներին քննարկել նաեւ ընթացակարգերը հնարավորին չափ պարզեցնելու եղանակները:
Տրանսպորտային միջոցների օտարման գործարքների հայաստանյան առանձնահատկությունները՝ նոտարական պրակտիկայից առանձնացված իրական օրինակներով ներկայացրել է ՀՀ նոտարական պալատի նոտարական միասնական պրակտիկայի ապահովման և ուսումնամեթոդական հարցերով հանձնաժողովի անդամ, Երեւանի նոտար Գայանե Ազարյանը: Նա պատմել է և՛ օրենսդրական փոփոխությունների, եւ՛ նոտարական գործարքների կատարումը պարզեցնելու նպատակով միասնական էլեկտրոնային համակարգի ներդրման մասին:
ԱՊՀ երկրների նոտարական պալատները պայմանավորվել են նման ձևաչափով շարունակական հանդիպումներ ունենալ՝ ամեն անգամ անդրադառնալով նոտարական գործի տարբեր բաղադրիչներին: