ԹԵԺ ԳԻԾ

+374 43 555 772

Տեղեկատու » Նորություններ » ՀՀ ՆՈՏԱՐԱԿԱՆ ՊԱԼԱՏՆ ՈՒ «ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՆ» ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԿՍՏՈՐԱԳՐԵՆ

ՀՀ ՆՈՏԱՐԱԿԱՆ ՊԱԼԱՏՆ ՈՒ «ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՆ» ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԿՍՏՈՐԱԳՐԵՆ

20/03/2023

Մարտի 17-ին տեղի է ունեցել «Կառուցապատողների հայկական ասոցիացիայի» տարեկան ամփոփիչ ժողովը, որին մասնակցել է նաև ՀՀ նոտարական պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանը։

Կարևորելով կառուցապատման առանցքային տեղը Հայաստանի տնտեսական աճի կառուցվածքում և խոսելով ոլորտում արձանագրված երկնիշ աճի մասին` ՀՀ նոտարական պալատի նախագահը մանրամասն ներկայացրել է, թե այս համատեքստում որքանով է ընդլայնվել կառուցապատման ու նոտարիատի ոլորտների համագործակցության շրջանակը։ Լիլիթ Մուրադյանն անդրադարձել է այն կարգավորող օրենսդրական փոփոխություններին, խոսել է նաև բացերի ու դրանք լրացնելու ճանապարհների մասին։
«Կառուցապատողների և նոտարների համագործակցությունն ավելի հեշտ ու արդյունավետ դարձնելու համար առաջիկայում երկու ոլորտները ներկայացնող կառույցների միջև կստորագրվի համագործակցության հուշագիր» ,- հայտարարել է ՀՀ նոտարական պալատի նախագահը։ Լիլիթ Մուրադյանի խոսքով` այն կառուցապատողներին հնարավորություն կտա ծանոթանալ նոտարական միասնական պրակտիկային և իրենց ոլորտին առնչվող նոտարական գործառույթներին, այդ թվում` կատարողական մակագրության թերթի տրամադրմանն ու կառուցապատողի հատուկ հաշիվ բացելուն` որպես նոտարի դեպոզիտ հաշվի ենթահաշիվ։
Համագործակցության հուշագիր ստորագրելով` Լիլիթ Մուրադյանի համոզմամբ` ՀՀ նոտարական պալատն ու «Կառուցապատողների հայկական ասոցիացիան» կմիավորեն իրենց ջանքերն իրավական ակտերի համատեղ մշակման, խնդիրներին իրավապայմանագրային լուծումներ տալու, մասնագետների գործնական գիտելիքների խորացման, վերապատրաստման և այլ ուղղություններով։
ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ