Ռուսաստանի իր գործընկերներին Հայաստանում ողջունել ու համաժողովին արդյունավետ ընթացք է մաղթել ՀՀ նոտարական պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանը։
Նման համաժողովների կազմակերպումը Լիլիթ Մուրադյանը կարևորում է երկարաժամկետ ու համակարգային փոփոխություն առաջացնելու հնարավորության համատեքստում, որոնք թույլ են տալիս փոխանակվել փորձով, հարստացնել գիտելիքները, գտնել խնդիրների միասնական լուծումներ ու որպես վերջնարդյունք՝ աշխատանքն ավելի արդյունավետ դարձնել: Իր ողջույնի խոսքում Լիլիթ Մուրադյանը վստահություն է հայտնել, որ ջերմ ու հյուրընկալ Հայաստանից իր գործընկերները հեռանալու են նորից ու նորից այստեղ վերադառնալու ցանկությամբ։
Հայկական կողմին ջերմ հյուրընկալության և համաժողովի արդյունավետ կազմակերպման համար իրենց ելույթներում շնորհակալություն են հայտնել ՌԴ Սվերդլովսկի մարզի նոտարական պալատի նախագահ Իրինա Պերեվալովան և Ուրալի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները։
Գիտագործնական համաժողովի կազմակերպմանը մեծապես աջակցել է Հայ-ռուսական համալսարանը, որտեղ էլ այն կայացել է։ Համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը տեսակապով է ողջունել համաժողովի մասնակիցներին։
Պանելային քննարկման ժամանակ Հայաստանի և Ռուսաստանի Սվերդլովսկի մարզի նոտարական պալատների, Ուրալի համալսարանի ներկայացուցիչները, իրավունքի մասնագետները ներկայացրել են իրենց երկրների նոտարիատի կայացման պատմությունը, ոլորտի բարեփոխումներն ու հատկապես մասնավոր իրավունքի առանձնահատկությունները։ Հայկական նոտարիատի ոլորտում ձեռքբերումներին ու խնդիրներին անդրադարձել է ՀՀ նոտարական պալատի նոտարական միասնական պրակտիկայի ապահովման և ուսումնամեթոդական հարցերով հանձնաժողովի անդամ Գայանե Ազարյանը։
Քննարկման մասնակիցներին հարցեր տալու հնարավորություն են ունեցել նաեւ Հայ-ռուսական համալսարանի ուսանողները։
Պանելային քննարկմանը հաջորդել են զեկույցները, որոնք ներկայացրել են Հայաստանի և Ռուսաստանի նոտարները։ Երևանի նոտարներ Լինա Հովսեփյանը, Իռեն Սարգսյանն ու Նոնա Քամալյանն անդրադարձել են նոտարական մի շարք գործողությունների կատարման օրենսդրական ու պրակտիկ առանձնահատկություններին, միջազգային փորձին, ներկայացրել նաև բարդություններն ու առաջարկել միասնական լուծումներ։