Տեղեկատու » Նորություններ » ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՁԵԶ ԵՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ՝ ՈՒԶԲԵԿՍՏԱՆԻ ՆՈՏԱՐԻԱՏԻ ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ
30/05/2023
ՆՈՐԱՑՎԱԾ ՆՈՏԱՐԻԱՏԻ ԴԵՐԸ ՆՈՐ ՈՒԶԲԵԿՍՏԱՆԻ ԻՄԻՋԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ
Վերջին տարիների ընթացքում մեր երկրի բոլոր ոլորտներում իրականացվում են համալիր բարեփոխումներ`«Մեր գլխավոր նպատակն է ժողովրդի բարեկեցությունը» կարգախոսի ներքո: Սույն հոդվածը նվիրված է Ուզբեկստանի Հանրապետության նոտարական ոլորտում իրականացված բարեփոխումներին, մասնավորապես, նոտարական ոլորտի թվայնացման և նոտարական գործողությունների հեռավար ձևակերպման ոլորտում ձեռքբերումներին, որոնք մեր օրերում համարվում են համաշխարհային նոտարիատի ամենաարդի հարցերը:
Նոտարիատի ոլորտում բարեփոխումների առաջին փուլը
Նոր Ուզբեկստանի իմիջի ձևավորման մեջ կարևոր դերը պատկանում է «2017-2021թթ. առաջնահերթ հինգ ուղղություններով Ուզբեկստանի Հանրապետության զարգացման գործողությունների ռազմավարության» պետական ծրագրին:
«Գործողությունների ռազմավարությունը» երկրի հասարակական, քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակութային, հումանիտար զարգացման, օրենքի գերակայության ապահովման և դատա-իրավական համակարգի հետագա բարեփոխման հայեցակարգային հարցերի հետ մեկտեղ նախատեսում է նաև նոտարական ոլորտի բարեփոխումը:
2020 թվականից սկսած Ուզբեկստանում մասնավոր նոտարական գրասենյակների ստեղծումը հանդիսանում է «Գործողությունների ռազմավարությամբ» դրված խնդիրների գործնական իրագործման հաստատումը:
Այսօր նախաձեռնվում են հետևողական քայլեր նոտարական համակարգի բարեփոխման, նոտարիատի՝ որպես ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների ապահովման և դատական վեճերի կանխման նպատակով կարևորագույն ինստիտուտներից մեկի ձևավորման ուղղությամբ:
Իսկզբանե տարվել են աշխատանքներ տնտեսական, ընտանեկան, ժառանգական, բնակարանային, աշխատանքային և այլ քաղաքացիական հարաբերությունների լուծման հարցում մի շարք համակարգային խնդիրների և թերությունների վերհանման ուղղությամբ, որոնք խոչընդոտում են նոտարիատի ինստիտուտի պոտենցիալի լիովին կիրառմանը, և դատաիրավական ոլորտում պետական քաղաքականության ապահովման նպատակներով մշակվել է կայուն իրավական հիմք և ուժեղ ռազմավարական հայեցակարգ:
Նոտարիատի ոլորտը փոփոխած որոշումը
Նոտարիատի դերի և նշանակության բարձրացման, ինչպես նաև բնակչությանը մատուցվող նոտարական ծառայությունների որակի բարելավման նպատակով Ուզբեկստանի Հանրապետության Նախագահի կողմից 2018 թվականի մայիսի 25-ին ստորագրվել է Որոշում «Նոտարական համակարգի՝ որպես վեճերի կանխարգելման ինստիտուտի հետագա կատարելագործման ուղղությամբ միջոցառումների մասին»:
Համաձայն որոշման՝ ներդրվել է նոտարիատի ակտիվ մոդելը, այսինքն՝ ծառայությունների մատուցումը տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ «մեկ պատուհանի» սկզբունքով, հաստատվել են պետական հիմնարկների և կազմակերպությունների հետ փոխգործակցության վարչական կանոնակարգեր, ստեղծվել է «Նոտար» ավտոմատացված տեղեկատվական համակարգը, որը հնարավորություն է տալիս էլեկտրոնային ձևաչափով փոխանակվել անհրաժեշտ տեղեկատվությամբ, ներդրվել է նոտարական գործողությունների գրանցման մեխանիզմը դիմողների մատնահետքերի սկանավորման միջոցով:
Նոտարի թեկնածուների ստաժավորման ժամկետը երկու տարուց կրճատվել է մինչև մեկ տարի, ներդրվել է նոտարի թեկնածուների ընտրության գործընթացի՝ իրական ժամանակի ռեժիմով աուդիո և տեսահեռարձակման պրակտիկան:
Նոտարների վերապատրաստման և որակավորման բարձրացման ուսումնական պլաններում և ծրագրերում ներառվել են հոգեբանության և իրավաբանական գործունեության հետ չկապված առարկաներ և հմտություններ (սթրեսի կառավարում, վեճերի կառավարում, աշխատաժամանակի արդյունավետ պլանավորում):
Բարձրացվել են օրենսդրական նորմերի պահպանման երաշխիքները
Բոլոր նոտարական գործողությունների գրանցումը «Նոտար» ավտոմատացված տեղեկատվական համակարգում նպաստել է նոտարական գործողությունների իրականացման ընթացքում օրենսդրության պահպանման երաշխիքների բարձրացմանը և հնարավորություն է տվել տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով իրականացնել առցանց մոնիթորինգ նոտարական գործողությունների իրականացման նկատմամբ:
Ավելին, տվյալ համակարգը թույլ է տվել երկրի ողջ տարածքում հեռակա կարգով հսկել նոտարական ծառայությունների մատուցման որակը և օպերատիվությունը, նոտարական գրասենյակների աշխատակիցների կողմից իրենց գործառութային պարտականությունների իրականացումը, բացահայտել և կանխել նորմատիվ ակտերին չհամապատասխանող նոտարական գործողությունները և ձեռնարկել միջոցներ դրանց կանխարգելման ուղղությամբ, այդ թվում՝ կիրառել պատշաճ միջոցներ կանոնակարգը խախտող նոտարների նկատմամբ:
Չկան առաջվա պես հերթեր ….
Քաղաքացիների համար ներդրվել է էլեկտրոնային հերթագրման համակարգը: Այժմ մինչ նոտարի մոտ գնալը քաղաքացիները կարող են գրանցվել «e-notarius.uz» կայքի միջոցով և գնալ նոտարի մոտ նշանակված ժամին: Սա նպաստել է քաղաքացիների հերթերի և անհանգստության նվազեցմանը:
Ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքային իրավունքների պաշտպանության նպատակով սահմանվել են նոտարների գույքային պարտավորություններ:
Ընդ որում՝ օրենքով սահմանված է, որ նոտարական գործողությունների իրականացման հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքային վնաս պատճառելու դեպքում նոտարը պատասխանատվություն է կրում ինքնուրույն, այսինքն՝ սեփական գույքով:
Միաժամանակ՝ որպես պարտադիր պահանջ, սահմանված է նոտարների քաղաքացիական պատասխանատվության ապահովագրությունը։
Վերոնշյալը հանդիսանում է նոտարական համակարգի բարեփոխումների առաջին փուլը։
Նոտարական ոլորտում բարեփոխումների երկրորդ փուլը
Նոր Ուզբեկստանի նոտարիատի բարեփոխումների երկրորդ փուլը սկսվեց Նախագահի «Ուզբեկստանի Հանրապետությունում նոտարական համակարգի արմատական բարեփոխմանն ուղղված միջոցառումների մասին» թիվ 5816 հրամանի ստորագրմամբ։
Ուզբեկստանում նոտարական բարեփոխումների երկրորդ փուլի կարևորագույն կողմերից մեկն այն է, որ 2020 թվականի մայիսի 1-ից նոտարիատը պետական սեկտորից վերածվեց ոչ պետականի, և այդպիսով մեկնարկեց մասնավոր պրակտիկայով զբաղվող նոտարների գործունեության համակարգը։
Որոշ նոտարական ծառայություններ վերացվել են
Ֆիզիկական և իրավաբանական անձանց հարմարավետության համար չեղարկվել են՝ մերձավոր ազգականների միջև տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքով լիազորագրերի նոտարական վավերացման կարգը, կիսակառույց բնակարանների վաճառքի համար տեղական ինքնակառավարման մարմիններից թույլտվություն պահանջելու կարգը, առաջնային շուկայում վարձակալության, ձեռնարկության անհատույց օգտագործման, գույքի լիզինգով և հիփոթեքային պայմանագրերի պարտադիր նոտարական վավերացման կանոնները վերացնելու համար խնամակալության և հոգաբարձության մարմնի համաձայնությունը պահանջելու կարգը:
Չեղարկված նոտարական գործողությունների փոխարեն ներդրվել են նոր գործողություններ, ինչպիսիք են ապացույցների ներկայացումը, գույքային և ժառանգական հարցերով միջնորդական ծառայություններ մատուցելը, հեղինակային և հարակից այլ իրավունքների օբյեկտների ներկայացման ժամանակի հաստատումը:
Ստեղծվել է արտատարածքային ձևաչափով ծառայությունների մատուցման համակարգը
Ստեղծվել է համակարգ, որը թույլ է տալիս նոտարական գործողությունների մեծամասնությունը կատարել արտատարածքային սկզբունքով։
Ֆիզիկական և իրավաբանական անձինք հնարավորություն ունեն ձևակերպել նոտարական գործողությունները ցանկացած տարածքում՝ անկախ նրանց բնակության վայրից։
Որոշ նոտարական գործողությունների հեռակա վավերացման հնարավորություն է ստեղծվել տեսակոնֆերանսկապի միջոցով, ինչպես նաև պայմաններ են ստեղծվել նոտարական արխիվում առկա փաստաթղթերի պատճենները Ինտերակտիվ հանրային ծառայությունների միասնական պորտալի միջոցով ստանալու համար:
Հատկանշական է, որ այդ մեխանիզմների ներդրումը հնարավորություն է տվել լուծել հերթերի խնդիրը, կրճատել ժամանակի և գումարի ավելորդ վատնումները, բնակչությանը հնարավորություն ընձեռել օգտվել բարձրորակ նոտարական ծառայություններից, ստեղծել առողջ մրցակցություն, կանխել ավելորդ բյուրոկրատական քաշքշուկները և կոռուպցիան:
Ուզբեկստանի Հանրապետության Նոտարական պալատի ստեղծումը
Նոտարիատի ոլորտում բարեփոխումների երկրորդ փուլի ևս մեկ կարևոր կողմ է Ուզբեկստանի Հանրապետության Նոտարական պալատի ստեղծումը։ Ուզբեկստանի Նոտարական պալատը ստեղծվել է 2020 թվականի սկզբին և հաջողությամբ գործում է մինչ օրս։ Ներկայումս երկրի բոլոր մարզերում գործում են պալատի տարածքային ստորաբաժանումները։
Այսօր երկրում գործում է մասնավոր պրակտիկայով զբաղվող ավելի քան 950 նոտար։ Նրանք՝ բոլորը, հանդիսանում են Նոտարական պալատի անդամներ։
Նոտարական պալատի հիմնական խնդիրներից է մասնավոր պրակտիկայով զբաղվող նոտարների գործունեությունը համակարգելը, նրանց իրավունքների և շահերի ներկայացումն ու պաշտպանությունը, ինչպես նաև նոտարիատի ոլորտում իրավակիրառ պրկատիկայի և օրենսդրության կատարելագործումը։
Նոտարական պալատի պարտականությունն է նոտարների դերի և մասնագիտության հեղինակության բարձրացմանն ուղղված աշխատանքը, միասնական նոտարական պրակտիկայի ապահովման ուղղությամբ միջոցների ձեռնարկումը, նոտարական գործողությունների կատարման վերաբերյալ մեթոդական ձեռնարկների մշակումը, նոտարների կողմից նոտարիատին առնչվող օրենսդրական ակտերի և մասնագիտական էթիկայի կանոնների պահպանման ուղղությամբ վերահսկողության իրականացումը, նոտարիատի աշխատանքին նպաստող համապատասխան պետական մարմինների և ոչ պետական կազմակերպությունների հետ ակտիվ համագործակցությունը:
Նոտարական պալատը, ելնելով իր լիազորություններից, կայացված որոշումների անաչառությունն ու թափանցիկությունն ապահովելու նպատակով անմիջականորեն մասնակցում է նոտարների ստաժորների հավաքագրմանը, նոտարի թեկնածուների գնահատմանը, դիմորդների հետ հարցազրույցի անցկացմանը, բացահայտված խախտումների հետևանքով որոշակի ժամկետով նոտարական գործունեության կասեցման վերաբերյալ որոշումների կայացմանը:
Էլեկտրոնային նոտարական համակարգ
Այսօր ինչպես հասարակական կյանքի բոլոր ոլորտներում՝ թվայնացման հարցը շոշափել է նաև նոտարիատը։ Ուստի, ուսումնասիրելով արտասահմանյան երկրների փորձը, Ուզբեկստանում ստեղծվել է «Նոտար» ավտոմատացված տեղեկատվական համակարգը, որն ապահովել է նոտարիատի ամբողջական թվայնացումը։ Այս համակարգին համակցված են ավելի քան 20 պետական մարմիններ և հաստատություններ։
Բացի դա՝ ստեղծվել է “e-notarius.uz” կայքը՝ նոտարներին հեշտ փնտրելու, նոտարների մոտ այցի գրանցման, լիազորագրերի վավերականության, ժառանգական գործերի կարգավիճակի, նոտարական գործողությունների կատարման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի և վճարների չափի մասին տեղեկություններ ստանալու նպատակներով:
Միևնույն ժամանակ Նոտարական պալատի կողմից սեփական «notarialpalata.uz» կամ «np.uz» կայքի ստեղծումը հնարավորություն է տվել հանրությանը ծանոթանալ Ուզբեկստանում նոտարիատի ոլորտում իրականացվող բարեփոխումներին, Նոտարական պալատի գործունեությանը, ինչպես նաև անհրաժեշտ օրենսդրական ակտերին։
Նոտարի խորհրդատվությունը
Նոտարական պալատի կարևոր խնդիրներից է բնակչության իրավական գիտելիքների բարելավումը և նրանց որակյալ իրավաբանական օգնություն ցուցաբերելը։ Այդ նպատակով «Facebook» և «Telegram» սոցիալական հարթակներում բացվել են «Ուզբեկստանի Հանրապետության Նոտարական պալատ», «Նոտարի խորհրդատվություն» համապատասխան էջերը և ալիքները, որտեղ հանրությանը 24/7 ռեժիմով տրամադրվում է անվճար իրավաբանական խորհրդատվություն նոտարական գործողություններին առնչվող հարցերով, և տրվում են հանրությանը հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները։
Բացի դա՝ Նոտարական պալատը կազմակերպել է «Նոտարի խորհրդատվություն» թերթի հրատարակումը։ Թերթը պարբերաբար հրապարակում է ճանաչողական հոդվածներ ուզբեկերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով, ինչպես նաև նոտարիատի և իրավագիտության այլ ճյուղերում ծագող հակասական հարցերի մեկնաբանումները։
Սոցցանցերում տեղադրվել է ավելի քան 2000 տեսանյութ տարբեր նոտարական գործողությունների մեկնաբանություններով, ինչպես նաև կազմակերպվել են առցանց, հեռուստատեսային և ռադիոհաղորդումներ նոտարների մասնակցությամբ։ Հանրության լայն շրջանակի և հենց նոտարների համար լրացուցիչ հարմարավետություն ստեղծելու նպատակով ձայնագրվել և տարածվել է «Աուդիոգիրք» նոտարիատի ոլորտի օրենսդրական ակտերով։
Ընդլայնվում է միջազգային և տեղական համագործակցությունը
Նոտարական պալատը նպատակաուղղված գործողություններ է իրականացնում միջազգային կապերի զարգացման և ամրապնդման համար։ Ներկայումս համագործակցության հուշագրեր են ստորագրվել Գերմանիայի, Ֆրանսիայի, Լիտվայի, Ռուսաստանի, Բելառուսի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Ղազախստանի և Ղրղզստանի Նոտարական պալատների հետ։
Ուզբեկստանի Նոտարական պալատը ակտիվ մասնակցություն է ունեցել և զեկույցներով է հանդես եկել եվրոպական և ասիական նոտարների վեբ-սիմպոզիումներին։
Իտալիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Բելառուսի, Ղազախստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Հունգարիայի նոտարական պալատների ներկայացուցիչների մասնակցությամբ հուշագրերի շրջանակում նոտարների համար անցկացվել են առցանց կոնֆերանսներ հետևյալ թեմաներով՝ «Միջնորդություն», «Էլեկտրոնային նոտարիատ», «Նոտարների կողմից ապացույցների ապահովումը», «Նոտարիատի կատարելագործման և զարգացման հեռանկարները», «Նոտար, պրակտիկա, արդիական հարցեր» և այլն։
Ուզբեկստանի նոտարիատի հիմնական նպատակներից է ոչ միայն օտարերկրյա փորձի ուսումնասիրությունը, այլև միջազգային մակարդակով նոտարիատի ոլորտում Ուզբեկստանի պրակտիկայի լայն տարածումն ու առաջխաղացումը:
Այդ նպատակով Ուզբեկստանի նոտարական պալատը նախապատրաստել և հրապարակել է բազմաթիվ հոդվածներ Ուզբեկստանի նոտարիատի մասին ավելի քան 20 թերթերում, ամսագրերում և այնպիսի երկրների կայքերում, ինչպիսիք են՝ Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Սաուդիան Արաբիան, Օմանի Թագավորությունը, Լիտվան, Ռուսաստանը, Բելառուսը, Ադրբեջանը, Ուկրաինան, ԱՄՆ-ն, Ղազախստանը, Տաջիկստանը և այլն:
Նոտարիատի ոլորտում Ուզբեկստանի փորձը ուսումնասիրել են Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի, Բելառուսի, Ադրբեջանի, Տաջիկստանի և Ղրղզստանի պատվիրակությունները Ուզբեկստան կատարած իրենց այցի ընթացքում։
Նոտարական պալատն իր գործունեության ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձնում ոչ միայն արտաքին, այլև ներքին համագործակցությանը Հանրապետության կազմակերպությունների և գերատեսչությունների հետ։
Մասնավորապես համագործակցության հուշագրեր են ստորագրվել Արտաքին գործերի նախարարության, Պաշտպանության նախարարության, Ներքին գործերի նախարարության, Առողջապահության նախարարության, Տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության, Հարկադիր կատարման բյուրոյի, Տեղեկատվության և զանգվածային հաղորդակցության գործակալության, Կադաստրային գործակալության, Ագրոարդյունաբերական համալիրի տեսչության, Տաշքենդի պետական իրավաբանական համալսարանի, Սամարղանդի պետական համալսարանի, Իրավաբանների վերապատրաստման կենտրոնի, Փաստաբանների պալատի, Արվեստագետների, մշակութային գործիչների և կատարողների հեղինակային իրավունքի պաշտպանության պալատի, «Յուքսալիշ» համազգային շարժման, «Մադադ» ոչ պետական ոչ առևտրային կազմակերպության և այլոց հետ։ Այս հուշագրերի շրջանակներում անցկացվել են ավելի քան 5000 սեմինար-թրեյնինգներ և միջոցառումներ։
Առաջին քայլը դեպի միջազգային հանրություն
2021 թվականի դեկտեմբերի 3-ին Ուզբեկստանի Նոտարական պալատը դարձել է Նոտարների միջազգային միության 91-րդ անդամը։
Ուզբեկստանի՝ որպես Նոտարիատի միջազգային միության 91-րդ անդամի պաշտոնական ներկայացման արարողությունը տեղի է ունեցել ք. Կանկունում (Մեքսիկա) Նոտարների 30-րդ միջազգային կոնգրեսի ընթացքում։
Ուզբեկական նոտարիատի հաջողությունը դարձել է հպարտության աղբյուր ինչպես Նոր Ուզբեկստանի բոլոր նոտարների, այնպես էլ Ուզբեկստանի ողջ ժողովրդի համար։
Հարկ է նշել, որ այս փաստը գնահատվում է որպես Ուզբեկստանում վերջին տարիներին իրականացված բարեփոխումների բարձր գնահատական և միջազգային չափանիշներին նոտարիատի ոլորտում երկրի օրենսդրության առավելագույն համապատասխանության հաստատում։
Նոտարների միջազգային միության հիմնական առաքելությունն է ողջ աշխարհում նոտարական գործունեության և գործառույթի զարգացումը, համակարգումը և աջակցությունը:
Նոտարների միջազգային միությանը Ուզբեկստանի միանալը երկրին թույլ է տվել կողք կողքի աշխատել զարգացած երկրների նոտարական համակարգերի հետ, համագործակցել նրանց հետ իրավահավասար և փոխշահավետ հիմունքներով, համատեղ վերլուծել իրական պրակտիկան, բոլոր գործընկեր-երկրներին հետաքրքրող ուղղություններում կիսվել փորձով, մշակել ընդհանուր խնդիրների լուծումներ:
Մասնավորապես՝ 2022 թվականին Ուզբեկստանի պատվիրակությունը մասնակցել է Նոտարների միջազգային միության Գլխավոր խորհրդի նիստին ք. Մյունխենում (Գերմանիա), Նոտարների միջազգային միության Գլխավոր ասամբլեայի նիստին և ք. Կանկունում (Մեքսիկա) Նոտարների 30-րդ միջազգային կոնգրեսի նիստին, II-Կենտրոնական Ասիայի միջազգային նոտարական կոնֆերանսին ք. Նուր-Սուլթանում (Ղազախստան), Ֆրանսիայի նոտարների 118-րդ համագումարին, Ռուսաստանի Դաշնության նոտարների VI համագումարին՝ նվիրված «Նոտարիատի մասին Ռուսաստանի Դաշնության օրենսդրության հիմունքների» ընդունման 30-ամյակին և այլ միջոցառումների:
Ուզբեկստանի նոտարներից երկուսը մասնակցել են Գերմանիայում նոտարների պրակտիկայի վրա հիմնված դասընթացին, երկու նոտար ստաժավորում են անցել ք. Մինսկում (Բելառուս), մեկ նոտար դարձել է Նոտարների միջազգային համալսարանի ուսանող:
Հարկ է նշել, որ մեր հաջողությունները նոր նոտարական գործողություններն ու ծառայությունները գործնականում ներդնելու, նոտարների աշխատանքի արդյունավետության բարձրացման, էլեկտրոնային նոտարիատի հայեցակարգի իրագործման ուղղությամբ արդեն այսօր օրինակ և ուղեցույց են շատ երկրների համար։
Երկրորդ՝ մեր նոտարների կողմից վավերացված փաստաթղթերը ճանաչվելու են ամբողջ աշխարհում, իսկ Ուզբեկստանի փորձը միջազգային մակարդակով կգտնի լայն տարածում։
Հարկ է նշել, որ Ուզբեկստանի նոտարիատի կարևոր ձեռքբերումներից է ուզբեկական նոտարիատի ներկայացուցչի ընտրությունը՝ որպես Նոտարների միջազգային միության Միջազգային նոտարական համագործակցության հանձնաժողովի (CCNI) անդամ։
Ուզբեկական նոտարիատի հիմնական նպատակն է իր ավանդն ունենալ աշխարհում նոտարիատի զարգացման գործում, միջազգային ասպարեզում նոր Ուզբեկստանի իմիջի հետագա բարելավմանը և միջազգային ցուցանիշներում երկրի վարկանիշի բարձրացմանը նպաստելը։
Դիլշոդ Աշուրով
Ուզբեկստանի Հանրապետության նոտարական պալատի նախագահ