Հերթական վեբինարը կազմակերպել էր նոտարական գործունեության ոլորտում ԱՊՀ երկրների բազային կազմակերպությունը`
«Ամուսինների ընդհանուր համատեղ սեփականություն. ազգային օրենսդրություններում դրանից բխող իրավունքների ձևավորման և իրականացման կարգը» խորագրով:
Հայաստանից վեբինարին մասնակցել են ՀՀ նոտարական պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանն ու Նոտարական միասնական պրակտիկայի ապահովման և ուսումնամեթոդական հարցերով հանձնաժողովի անդամ Գայանե Ազարյանը: Զեկույցով հանդես է եկել Հայ-ռուսական համալսարանի Քաղաքացիական իրավունքի և քաղաքացիական դատավարության իրավունքի ամբիոնի դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու Հայկ Մալխասյանը, որը ներկայացրել է ՀՀ-ում ամուսինների ընդհանուր համատեղ սեփականության իրավական կարգավորման արդի հիմնախնդիրները:
Լիլիթ Մուրադյանը, Գայանե Ազարյանն ու Հայկ Մալխասյանը թեմայի վերաբերյալ պատասխանել են նաև վեբինարին մասնակից մյուս երկրների ներկայացուցիչների հարցերին, օրինակ, թե Հայաստանում ամուսնալուծությունների դեպքում ինչպես է բաժանվում ամուսինների ընդհանուր համատեղ սեփականությունը:
Մասնակիցներին, հատկապես, հետաքրքրել է, որ Հայաստանում անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ամուսիններից մեկի անունով գրանցված լինելու դեպքում, եթե այն հանդիսանում է ընդհանուր համատեղ սեփականություն, ապա մյուս ամուսնու իրավունքը պաշտպանվում է օրենքի ուժով:
ԱՊՀ մյուս երկրների նոտարական համայնքների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց երկրների առանձնահատկությունները: Օրինակ` Ռուսաստանում կա սնանկությունների ընդհանուր բազա, որտեղ նոտարը կարող է տեղեկանալ անձի` սնանկ լինելու մասին: Այդ բազան հասանելի է նաև այլ երկրների նոտարներին:
Ղազախստանում էլ նոտարներին հնարավորություն է տրված ընդհանուր բազայում ստուգելու ամուսնական պայմանագրերի առկայությունը:
Բելառուսի ներկայացուցիչները նշել են, որ իրենց երկրում ժառանգության գործի շրջանակում սեփականության իրավունքի վկայագիր կարող է տալ այլ նոտար, իսկ ժառանգության գործը կարող է լինել մեկ այլ նոտարի կատարման տիրույթում:
Վեբինարի մասնակիցները պայմանավորվել են շարունակել մասնագիտական քննարկումները` հաջորդիվ անդրադառնալով իրենց պրակտիկայում հանդիպող այլ արդի խնդիրների: