ԹԵԺ ԳԻԾ

+374 43 555 772

Տեղեկատու » Նորություններ » ՀՀ ՆՈՏԱՐԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ ԼԻԼԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՈՒԶԵՐՁԸ ՆՈՏԱՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

ՀՀ ՆՈՏԱՐԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ ԼԻԼԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՈՒԶԵՐՁԸ ՆՈՏԱՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

02/10/2023

 

Հարգելի՛ գործընկերներ, մեծ է ձեր դերն իրավակարգի հզորացման, մեր քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության գործում: Գիտակցելով, որ այս օրերին ու առաջիկայում կրկնապատկվում է պատասխանատվությունն այդ առաքելությունն իրականացնելու, Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների իրավունքները պաշտպանելու, նրանց նոտարական գործունեությունից բխող իրավաբանական օգնություն ցուցաբերելու հարցում՝ ես վստահ եմ, որ դուք թվարկածս պատվով կանեք՝ ջանք ու եռանդ չխնայելով մեր քույրերին ու եղբայրներին աջակցելու հարցում:
Այս տարի՝ մեր մասնագիտական օրը, մենք պետք է նշեինք Հայաստանի Հանրապետության նոտարական պալատի հիմնադրման 20-ամյակը: Բոլորիս համար հասկանալի պատճառներով ու նոտարական համայնքի միաձայն որոշմամբ մենք չեղարկեցինք հոբելյանական բոլոր միջոցառումները: Չեղարկման որոշմամբ մենք նաև այդ միջոցառումներին հրավիրված մեր միջազգային բազմաթիվ գործընկերների ուշադրությունը ևս մեկ անգամ սևեռեցինք մեր երկրին պատուհասած և դեռ սպառնացող մարտահրավերներին ՝ նրանց տեղեկացնելով կատարվածի մասին:
Սիրելի՛ գործընկերներ, մեր 20 տարվա ձեռքերումները ես դեռ առիթ կունենամ մանրամասն ամփոփելու, երբ սիրտ ու տրամադրություն կունենանք այդ մասին խոսելու:
Նախկինում շատ եմ ասել, որ տարեցտարի մեր աշխատանքի հանդեպ պետության վստահությունն ավելի է մեծանում. մեզ պատվիրակում են նոր գործառույթներ, որոնք մի կողմից բեռնաթափում են դատարանների ծանրաբեռնվածությունը, իսկ մյուս կողմից՝ խնայում քաղաքացիների ժամանակը: Բոլոր ձեռքբերումներում ձեզնից յուրաքանչյուրի ավանդը մեծ է: Իհարկե կան նաև բացթողումներ, որոնց ես միշտ անդրադառնում եմ, մարտահրավերներ, որոնք դեռ պետք է հաղթահարենք ու բազմաթիվ նոր ծրագրեր, բայց դրանց մասին, ինչպես արդեն նշեցի, մանրամասն կխոսեմ հետագայում:
Հիմա երկար խոսելու ժամանակը չէ, այլ անտրտունջ աշխատելու, բոլոր ջանքերն ուղղելու հայրենիքի հզորացմանը:
Արժևորենք մեր երկիրը, սիրենք, զորավիգ լինենք միմյանց, որ կարողանանք հաղթանակներ կերտել: Ամեն ինչ դեռ առջևում է:
Ուժ, համբերություն ու իմաստություն մեզ:
Խոնարհումս բոլոր զոհերի հիշատակին:
ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ