ԹԵԺ ԳԻԾ

+374 43 555 772

Տեղեկատու » Նորություններ » ԼԻԼԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ ՎԵՐԸՆՏՐՎԵԼ Է ՀՀ ՆՈՏԱՐԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ. ԸնՏՐՎԵԼ Է ՆԱԵՎ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԿԱԶՄ

ԼԻԼԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ ՎԵՐԸՆՏՐՎԵԼ Է ՀՀ ՆՈՏԱՐԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ. ԸնՏՐՎԵԼ Է ՆԱԵՎ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԿԱԶՄ

23/12/2023

 

Նախքան որպես նախագահի թեկնածու իր ծրագրային ելույթին անդրադառնալը՝ Լիլիթ Մուրադյանը ՀՀ նոտարական պալատի արտահերթ ընդհանուր ժողովում ամփոփել է իր պաշտոնավարման 4 տարին, ներկայացրել կատարված աշխատանքը: Նա, հատկապես, անդրադարձել է օրենսդրական բազմաթիվ նախաձեռնություններին, նոտարներին պատվիրակված նոր գործառույթներին, թվային նոտարիատի ստեղծմանը, նոտարների աշխատակազմերի պատրաստման ծրագրի մեկնարկին, նոտարական միասնական արխիվի ստեղծմանը, միջազգային համագործակցությանը և այլ կարևոր նախաձեռնությունների: «Այս տարիները չափազանց բարդ էին. մենք հաղթահարել ենք պատերազմներ, ազգային մեծ ցավ, աշխատել ենք նաև դաժան համավարակի պայմաններում: Հիմա վստահ կարող եմ ասել, որ այդ բոլոր իրավիճակներում մեր մասնագիտական պարտականությունները կատարել ենք բարձր պատասխանատվությամբ և բարեխղճորեն»,֊ նշել է Լիլիթ Մուրադյանը։
Լիլիթ Մուրադյանն ընդգծել է, որ տարեցտարի մեծանում է պետության վստահությունը նոտարական համայնքի հանդեպ, ինչի մասին են վկայում նոտարներին պատվիրակված նոր գործառույթները:
«Ինչպես գիտեք՝ այս տարի սահմանվել է նոտարական վավերացման պարտադիր պահանջ` անշարժ գույքի նվիրատվության պայմանագրերի համար: Սա պարզապես գործառույթ չէ, սա նշանակում է, որ նոտարներին է վստահվել զսպել հնարավոր շինծու գործարքների կնքման ռիսկն ու կանխել փողերի լվացման հնարավոր դեպքերը: Դատարանների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու ճանապարհին պետությունը մեծապես ապավինել է նոտարական համայնքի աջակցությանը: Դատավորների գործառույթներից ևս մեկն է պատվիրակվել մեզ. խոսքս գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմումների մասին է, որոնք արդեն ներկայացվում են ոչ թե դատավորներին, այլ՝ նոտարներին: Կարծում եմ՝ ժամանակի ընթացքում դեռ շատ գործառույթներ կվերադառնան նոտարի գործիքակազմ, ինչու ոչ, նաև նորերը կպատվիրակվեն մեզ»,- նշել է Լիլիթ Մուրադյանը։
Նոտարական համայնքի հանդեպ պետության մեծ վստահության մասին է փաստել նաև ՀՀ արդարադատության նախարարության վերահսկողական վարչության երկրորդ բաժնի պետ Նարինե Խալաթյանը։ Նա ևս անդրադարձել է նոտարական համակարգում կատարված ծավալուն բարեփոխումներին։
Լիլիթ Մուրադյանը պարգևատրել է ՀՀ նոտարական պալատի վարչության նախկին անդամներ Վահե Հովհաննիսյանին և Մարինե Սարգսյանին՝ կառուցողական համագործակցության և նվիրված աշխատանքի համար: Պալատի արդեն նախկին վարչությունն էլ իր հերթին շնորհակալագիր է հանձնել Պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանին՝ նոտարական համայնքին մատուցած նշանակալի ծառայությունների համար:
Իր ծրագրային ելույթում արդեն որպես ՀՀ նոտարական պալատի նախագահի թեկնածու՝ Լիլիթ Մուրադյանն անդրադարձել է օրենսդրական բարեփոխումներին, քաղաքացիների հետ շփումներում թափանցիկության և հաշվետվողականության բարձրացմանը, աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված նորարարական, թվային լուծումներին, միջազգային կապերի ամրապնդմանը, սոցիալական ծրագրերին և այլ ոլորտներում ծրագրված բարեփոխումներին:
ՀՀ նոտարական պալատի արտահերթ ընդհանուր ժողովում ձայների ճնշող մեծամասնությամբ ընտրվել է նաև Պալատի վարչության նոր կազմը։ Վարչության նախագահի տեղակալի պաշտոնում վերընտրվել է գործող նոտար Անահիտ Ղազարյանը։ Նա իր ելույթում նշել է, որ կարևորագույն առաջնահերթությունն իր համար նոտարի դերի բարձրացումն է, ինչին ուղղված է նոտարական համայնքի՝ որպես մեկ ամբողջական մեխանիզի ջանքերը։
Նոտար Գոռ Դիլոյանը վերընտրվել է որպես ՀՀ նոտարական պալատի վարչության անդամ, իսկ որպես վարչության նոր անդամներ՝ ընտրվել են նոտարներ Սամվել Ղարիբյանն ու Լինա Հովսեփյանը:
ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ