ԹԵԺ ԳԻԾ

+374 43 555 772

Տեղեկատու » Նորություններ » ՀՀ ՆՈՏԱՐԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ ԼԻԼԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ԱՄԱՆՈՐԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ

ՀՀ ՆՈՏԱՐԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ ԼԻԼԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ԱՄԱՆՈՐԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ

01/01/2024

Հարգելի՛ գործընկերներ, տարեվերջին ուրախ եմ արձանագրել, որ տարին ճանապարհում ենք աշխատանքային մեծ ձեռքբերումներով, որոնց մասին վերջերս շատ առիթներ ունեցա խոսելու։ Լիահույս եմ, որ այս տարվա մեր սահմանած նպատակներն ու մեկնարկած ծրագրերն իրենց բարեհաջող հանգրվանին կհասցնենք գալիք տարում։

Հարգելի՛ քաղաքացիներ, Հայաստանի նոտարական համայնքի անունից խոստանում եմ անել հնարավորը ձեր ժամանակն էլ ավելի խնայելու, նոտարական աշխատանքի արդյունավետությունն ավելի բարձրացնելու ու ձեր իրավունքները պաշտպանելու ուղղությամբ։
Թող 2024-ը մասնագիտական ձեռքբերումների, աճի ու համառ հաղթանակների տարի լինի բոլոր ոլորտներում։ Բայց մասնագիտական հաղթարշավներում չմոռանանք լինել նաև լավ հայ, Հայաստանի Հանրապետության արժանապատիվ քաղաքացի, լավ ընկեր, լավ բարեկամ, ընտանիքի լավ անդամ, պատվով կատարենք մեր սոցիալական բոլոր դերերը, անտարբեր չլինենք դիմացինի ցավի նկատմամբ, կարողանանք ուրախանալ նրա ուրախությամբ։ Չարությունը չարիք է ծնում, բարությունը՝ բարիք։ Թող մեր ընտրությունը լինի երկրորդը. օդում գեներացված բարությունը կհաղթի անտարբերությանն ու հուսալքությանը։ Սա է լինելու համազգային հաղթանակների ու վերելքների բանալին։ Անսպառ սեր, ջերմություն ու ներդաշնակություն մեր հոգիներին։
Խաղաղ ծառայություն հայրենիքի սահմանները պահող մեր զինվորներին ու սպաներին։
Խոնարհումս զոհերի հիշատակին։ Ուժ ու համբերություն նրանց հարազատներին, ինչպես նաև բռնի տեղահանված մեր հայրենակիցներին, որոնք այս Ամանորն իրենց տներում չեն դիմավորելու։ Ուզում եմ, որ դուք իսկապես զգաք, որ ձեր տանն եք, ձեր հայրենիքում, շրջապատված լինեք բոլորիս սիրով ու ջերմությամբ։
Թող 2024-ն ամփոփենք բոլորովին այլ տրամադրությամբ. հաղթական ու հուսավառ։
ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ