ԹԵԺ ԳԻԾ

+374 43 555 772

Տեղեկատու » Նորություններ » Հայ-ֆրանսիական համագործակցության նոր հեռանկարներ նոտարիատի ոլորտում

Հայ-ֆրանսիական համագործակցության նոր հեռանկարներ նոտարիատի ոլորտում

03/04/2024

 

ՀՀ նոտարական պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանը ֆրանսիացի իր գործընկերներին հյուրընկալել է իր նոտարական գրասենյակում՝ տեղում նրանց ծանոթացնելով Հայաստանում նոտարի աշխատանքի կազմակերպման սկզբունքներին ու նոտարական գրասենյակներին ներկայացվող պահանջներին։
Ֆրանսիական պատվիրակության կազմում են Նոտարիատի բարձրագույն խորհրդի Արևելյան Եվրոպայի հետ կապերի գծով ներկայացուցիչներ Անտուան Դեժուան, Քրիստինա Աթանասովան և Գրեգուար Շենոն։ Ողջունելով հյուրերին՝ Լիլիթ Մուրադյանը նշել է, որ հայ-ֆրանսիական ջերմ, բարեկամական հարաբերությունները չեն շրջանցել նոտարիատի ոլորտը, և հույս հայտնել, որ այս ոլորտում համագործակցությունն ավելի կամրապնդվի։ Ֆրանսիայի նոտարներին հետաքրքրել է, թե ինչպես են Հայաստանում միմյանց հետ հաղորդակցվում քաղաքացիներն ու նոտարները, և թե ինչ գործառույթներ ունեն վերջինները։ Լիլիթ Մուրադյանը ներկայացրել է նոտարական գործողությունների շրջանակն ու փաստել, որ այն գնալով ընդլայնվում է։ Ֆրանսիայի նոտարներին հաճելիորեն զարմացրել է, որ ՀՀ նոտարները նաև իրավաբանական նշանակության փաստեր են հաստատում՝ այդկերպ թեթևացնելով դատարանների ծանրաբեռնվածությունը։ Լիլիթ Մուրադյանը հյուրերին ներկայացրել է նաև նոտարների կողմից արխիվային գործի վարման ամբողջ ընթացքը։ Ֆրանսիայի նոտարիատի բարձրագույն խորհրդի ներկայացուցիչների հետ մասնագիտական հաջորդ քննարկումը ծավալվել է ՀՀ արդարադատության նախարարությունում։ Նախարարության գլխավոր քարտուղար Սիրվարդ Գևորգյանը Ֆրանսիայի նոտարներին ներկայացրել է Հայաստանում նոտարիատի ոլորտում կատարված բարեփոխումները։ Նա նշել է, որ նոտարներն արձակում են գումարի բռնագանձման պահանջով կարգադրություններ, իսկ անշարժ գույքի նվիրատվության պայմանագրերը բացառապես նոտարական վավերացում են պահանջում, ինչի շնորհիվ Հայաստանի նոտարներն այժմ մեծ դեր ունեն նաև փողերի լվացման դեմ պայքարում, քանի որ նվիրատվության գործարքների հետ կապված հաշվետվություններ են ներկայացնում ՀՀ կենտրոնական բանկ։ Հանդիպման ընթացքում Ֆրանսիայի նոտարները ներկայացրել են նոտարիատի թվայնացման ոլորտում իրենց ձեռքբերումները։ Լիլիթ Մուրադյանն ու Սիրվարդ Գևորգյանը հույս են հայտնել, որ այս հարցում կկարողանան ակտիվ համագործակցել ֆրանսիացի գործընկերների հետ՝ փորձի փոխանակման նպատակով։ ՀՀ նոտարական պալատի ներկայացուցիչները ֆրանսիացի իրենց գործընկերներին ծանոթացնում են նաև հայկական բազմադարյա մշակույթին։ Առաջին կանգառը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանն էր։ ՀՀ նոտարական պալատի ներկայացուցիչների ուղեկցությամբ Հայաստանի հյուրերը շրջել են Մատենադարանի թանգարանում ու ծանոթացել հայկական հնագույն ձեռագրերին։

 

 

ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ