ԹԵԺ ԳԻԾ

+374 43 555 772

Տեղեկատու » Նորություններ » ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՐԶԵՑՄԱՆ ԹՎԱՅԻՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ՝ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՆՈՏԱՐՆԵՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՐԶԵՑՄԱՆ ԹՎԱՅԻՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ՝ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՆՈՏԱՐՆԵՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

13/06/2024

Հայկական կողմից սեմինարին տեսակապով մասնակցել են ՀՀ նոտարական պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանը, Պալատի նոտարական միասնական պրակտիկայի ապահովման և ուսումնամեթոդական հարցերով հանձնաժողովի անդամ Գայանե Ազարյանը, «Լոռու մարզ» նոտարական տարածքի նոտար Ռոզա Բեկչյանը և ՀՀ արդարադատության նախարարության թվայնացման խմբի ներկայացուցիչ Տաթևիկ Մարտիրոսյանը։ ՀՀ նոտարական պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանը միջազգային սեմինարի մասնակիցներին ներկայացրել է Հայաստանում էլեկտրոնային եղանակով նոտարական գործողությունների կատարման պրակտիկան ու իրավական կարգավորումը։ Պալատի նախագահը նշել է, որ 2017 թվականից է Հայաստանի օրենսդրական դաշտը նախատեսել էլեկտրոնային պայմանագրերի նոտարական վավերացումը, դրա շրջանակում նաև՝ կատարողական մակագրության թերթի տրամադրումը էլեկտրոնային եղանակով, որոնց կատարման համար, սակայն, դեռ խոչընդոտ են հանդիսանում տեխնիկական մի շարք խնդիրներ, որոնք լուծման փուլում են։ Նոտարական գործողությունների էլեկտրոնային կատարման շրջանակում Լիլիթ Մուրադյանը ներկայացրել է նաև նոտարների կողմից երկու միլիոն դրամը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջով կարգադրությունների արձակման գործառույթը, որը 2023 թվականին է դատարաններից փոխանցվել նոտարներին։ Լիլիթ Մուրադյանը նշել է, որ այս գործառույթը նոտարներին վերապահելու շնորհիվ դատարանների ծանրաբեռնվածությունը նվազել է 80 տոկոսով։ ՀՀ նոտարական պալատի նախագահը նշել է, որ Պալատը հսկայական աշխատանք է կատարել այս գործառույթի սահուն կատարումն ապահովելու համար։ ՀՀ արդարադատության նախարարության թվայնացման խմբի ներկայացուցիչ Տաթևիկ Մարտիրոսյանը ներկայացրել է վերլուծություն, թե Հայաստանում՝ հասարակության մեջ, որքանով է մեծ նոտարական գործողությունների էլեկտրոնային եղանակով կատարման պահանջարկը, և թե որքանով է նոտարական համակարգը պատրաստ ամբողջովին անցնելու նոտարական գործողությունների էլեկտրոնային կատարմանը։ Այս համատեքստում Տաթևիկ Մարտիրոսյանը նշել է, որ թվայնացման բարեփոխումները կյանքի կոչելու համար անհրաժեշտ են օրենսդրական մի շարք փոփոխություններ։ Նա նշել է, որ թվայնացման բարեփոխումների վերջնարդյունքում քաղաքացին պետք է կարողանա օգտվել նոտարական ծառայություններից անկախ իր գտնվելու վայրից՝ էլեկտրոնային տարբերակով։ Պետք է թվայնացվեն նոտարական գործողության կատարման բոլոր փուլերը՝ քաղաքացու գրանցումից մինչև վկայականի տրամադրում։ Քաղաքացին կկարողանա էլեկտրոնային տարբերակով ընտրել նոտարական գործողությունը, կցել անհրաժեշտ փաստաթղթերը, ընտրել նոտարին ու նրա հետ կապ հաստատել տեսակոնֆերանսի միջոցով։ Իսկ նոտարին պետք է տրվի քաղաքացուն նույնականացնելու լայն գործիքակազ։ Նոտարական գործողությունների կատարման էլեկտրոնային եղանակը ոչ թե փոխարինելու, այլ լրացնելու է թղթային տարբերակին, սակայն քաղաքացիները կխրախուսվեն էլեկտրոնային եղանակին նախապատվությունը տալու համար։

ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ