Տեղեկատու » Նորություններ » Նոտար Մարինե Մանուկյանի «Լռության ձայնը» «կլսվի» Գյումրիում
07/09/2024
Սա նկարչուհու թվով երրորդ անհատական ցուցահանդեսն է, բայց առաջինն է իր ծննդավայր Գյումրիում: «Հարազատ քաղաքում ցուցահանդես անցկացնելու միտքը վաղուց էր ծնվել՝ դեռ մի քանի տարի առաջ։ Իմ ծննդավայր Գյումրու հետ են կապված մանկությանս ամենաջերմ հուշերը։ Գյումրիում ապրել եմ մինչև երկրաշարժը, տեղափոխվեցի Երևան, երբ դեռ անչափահաս էի, ու երբ ինձ համար այդքան հարազատ քաղաքը մի քանի րոպեում վերածվեց ավերակների։ Ես լքեցի քաղաքս ծանր սրտով, ու այդ զգացողությունն ինձ հանգիստ չէր տալիս։ Հիմա վերադարձել եմ վերածնված Գյումրի՝ հարազատ քաղաքիս բերելով մի քիչ սեր, ջերմություն, արևներ»,-անկեղծացել է իրավաբան-նկարչուհին՝ նշելով, որ բավական ուշ է սկսել նկարել, երբ ասելիքն էլ չի տեղավորվել իր ընտրած մասնագիտության շրջանակում: «Երբ զգացմունքներիս ու հույզերիս արտահայտման ավելի հարմար միջոց չկարողացա գտնել։ Իմ գեղանկարների միջոցով փորձում եմ լսելի դարձնել լռության ձայնը` խլացնելով դրական զգացողություններով»,- նշել է Մարինե Մանուկյանը։
Նոտար Մարինե Մանուկյանի անհատական ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա են եղել նաև նրա գործընկերները՝ ՀՀ նոտարական պալատի ներկայացուցիչները: Պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանն իր շնորհավորանքի խոսքում նշել է, որ իրավաբան-նկարչուհի Մարինե Մանուկյանի ստեղծագործություններում նկատում է իրավաբանի ձեռագիրը, քանի որ նրա նկարները օրենքների պես պարզ, հստակ ու հասկանալի են: Լիլիթ Մուրադյանը նշել է՝ հպարտ է, որ Մարինե Մանուկյանը ՀՀ նոտարական համայնքի անդամ է:
ՀՀ նկարիչների միության պատվավոր անդամ Մարինե Մանուկյանի ստեղծագործություններին անդրադարձել են նաև ՀՀ նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը, Շիրակի նախկին մարզպետ Արարատ Գոմցյանը, Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ Սուրեն Ջանոյանը և այլք: ՀՀ նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը նշել է, որ Մարինե Մանուկյանի կտավներում պատկերված արևները նրա մեծ սրտի և հոգու արտացոլանքն են: