ԹԵԺ ԳԻԾ

+374 43 555 772

Տեղեկատու » Նորություններ » ՀՀ ՆՈՏԱՐԱԿԱՆ ՊԱԼԱՏԸ ՆՇԵԼ Է ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 20-ԱՄՅԱԿԸ

ՀՀ ՆՈՏԱՐԱԿԱՆ ՊԱԼԱՏԸ ՆՇԵԼ Է ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 20-ԱՄՅԱԿԸ

07/10/2024

Համաժողովը կազմակերպվել է ՀՀ նոտարական պալատի հիմնադրման 20-ամյակին նվիրված «Հնագույն Հայաստանի նորագույն նոտարիատը»‎ խորագրով միջոցառումների շրջանակում, որոնց մասնակցելու համար Հայաստան են ժամանել Լատինական նոտարիատի միջազգային միության նախագահ Լիոնել Գալլիեզը, Ֆրանսիայի նոտարիատի բարձրագույն խորհրդի` Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հետ կապերի գծով ներկայացուցիչ Վալերիու Եսանուն, Խորվաթիայի, Բուլղարիայի նոտարական պալատների պատվիրակությունները, Ռուսաստանի դաշնային նոտարական պալատի պատվիրակությունը, Ռուսաստանի սուբյեկտների նոտարական պալատների նախագահների գլխավորած պատվիրակությունները, Ուզբեկստանի նոտարական պալատի նախագահի գլխավորած պատվիրակությունն, ինչպես նաև Ղազախստանի և Վրաստանի նոտարական պալատների պատվիրակությունները: Միջոցառումը մեկնարկել է պատմավավերագրական ֆիլմի ցուցադրմամբ, որը ներկայացրել է հայկական նոտարիատի պատմությունը, որի արմատները հասնում են մինչև Միջնադարյան Հայաստան: ՀՀ նոտարական պալատի նախագահն իր ողջույնի խոսքում նշել է, որ մեծ հպարտություն և պատասխանատվություն է զգում՝ գիտակցելով, որ իրենք նոտարիատի հարյուրամյակների՝ գրեթե հազարամյակի պատմության մի մասի կերտողն են, որ վերջին 20 տարին հսկայական ճանապարհ է՝ հայկական նոտարիատի պատմության նորագույն շրջանը, կայացման և զարգացման շրջանը: Իր խոսքում կարևորելով անցնող տարիների ձեռքբերումները՝ Լիլիթ Մուրադյանը նշել է, որ ուզում է կենտրոնանալ ապագայի ծրագրերի վրա, որ Պալատն իր առջև խնդիր է դրել շարժվել ժամանակին ու ժամանակի մարտահրավերներին համընթաց, արդիականացնել ու պարզեցնել նոտարական գործողությունների կատարման ընթացակարգերը, դրանք քաղաքացիների համար դարձնել ավելի հասկանալի, ավելի մատչելի, խնայել մարդկանց ժամանակը, բարձրացնել իրավագիտակցության մակարդակը, հանդես գալ նրանց իրավունքների և շահերի պաշտպանության դիրքերից, էլ ավելի մեծացնել նոտարական համայնքի նկատմամբ թե՛ քաղաքացիների, թե՛ պետության վստահության մակարդակը: ՀՀ նոտարական պալատի նախագահը շնորհավորել է նաև իր գործընկերներին նոտարի միջազգային օրվա առթիվ, որը նշվում է հոկտեմբերի 2-ին՝ Լատինական նոտարիատի միջազգային միության հիմնադրման օրը, որի անդամ է նաև Հայաստանի Հանրապետության նոտարական պալատը: Լիլիթ Մուրադյանը շնորհակալություն է հայտնել Լատինական նոտարիատի միջազգային միության նախագահ Լիոնել Գալլիեզին՝ ՀՀ նոտարական պալատի հիմնադրման 20-ամյակին նվիրված միջոցառումներին իր մասնակցության համար։«Հայաստանում նոտարի պաշտոնը ստանձնելիս մենք երդվում ենք լինել արդար և անկողմնակալ. կատարել ծառայողական պարտականությունները՝ աշխատելով արժանապատվությամբ, խորհրդակցելով խղճի և պատվի հետ, միշտ և ամենուր բարձր պահել նոտարի դերն ու հեղինակությունը: Կարծում եմ, որ այս սկզբունքները համընդհանուր են, վերաբերելի ամբողջ աշխարհի նոտարներին: Մասնագիտական զարգացման ու աճի հետ մեկտեղ, եթե յուրաքանչյուրս այս երդումը ընդունենք որպես բանաձև ու ամենօրյա աշխատանքում առաջնորդվենք դրանով, կունենանք էլ ավելի կայացած, էլ ավելի ընդօրինակելի ու էլ ավելի մեծ վստահություն վայելող նոտարական համակարգ»,- նշել է Լիլիթ Մուրադյանը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ։ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանն իր ելույթում անդրադարձել է ՀՀ նոտարական պալատի ձեռքբերումներին ու խոսել հետագա ծրագրերի մասին։ «Սա ևս մեկ առիթ է՝ կարևորելու և արժևորելու համար նոտարիատի դերը մեր երկրում իրավակարգի ամրապնդման, քաղաքացիների իրավունքների պաշտպանության գործում։ Նոտարիատի դերի կարևորման մասին է փաստում նոտարներին վերապահվող գործառնական շրջանակի շարունակական ընդլայնումը։ Սա նշանակում է, որ պետության վստահությունը նոտարների հանդեպ շատ բարձր է»,- նշել է փոխնախարարը։ Պետության վստահությամբ պայմանավորված՝ նոտարների գործառույթների շրջանակի ընդլայնման, նրանց ստանձնած մեծ պատասխանատվության և հաջողությունների մասին է փաստել նաև ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Նոտարներին շնորհավորել ու իրավակարգի ամրապնդման գործում նրանց ունեցած դերը կարևորել են նաև ՀՀ բարձրագույն դատական խորհրդի անդամ Կարեն Թումանյանն ու ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը։ ՀՀ նոտարական պալատի հիմնադրման 20-ամյակի առթիվ Հայաստանի Հանրապետության նոտարական պալատի հիմնադրման պահից մինչ օրս Հայաստանի նոտարական համայնքին մատուցած ծառայությունների համար Լիլիթ Մուրադյանը պատվոգրերով է պարգևատրել մոտ երկու տասնյակ նոտարի: Միջոցառման հանդիսավոր հատվածին հաջորդել է «Նոտարիատի զարգացման հեռանկարները» թեմայով պանելային քննարկումը, որի ընթացքում ՀՀ նոտարական պալատի և համաժողովին հրավիրված պետությունների նոտարական պալատների ներկայացուցիչները զեկույցներ են ներկայացրել իրենց երկրներում նոտարիատի զարգացմանն ուղղված ծրագրերի մասին:

ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ