Քննարկման թեման հաշտարարությունն էր՝ որպես հասարակության խնդիրների լուծման իրավական գործիք: Միջազգային համաժողովի մասնակից նոտարներն ու
հաշտարարները ներկայացրել են իրենց երկրներում հաշտարարության ինստիտուտի կայացման փուլերը, պրակտիկան և զարգացման հեռանկարները:
ՀՀ նոտարական պալատի Նոտարական միասնական պրակտիկայի ապահովման և ուսումնամեթոդական հարցերով հանձնաժողովի անդամ Գայանե Ազարյանը ողջունել է համաժողովի մասնակիցներին և ներկայացրել է հայկական կողմի զեկուցողներին՝ Հայաստանի հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության խորհրդի նախագահ Վանիկ Մարգարյանին և խորհրդի անդամ Անի Համբարձումյանին: Արտոնագրված հաշտարարներ Վանիկ Մարգարյանն ու Անի Համբարձումյանն իրենց զեկույցներում ներկայացրել են Հայաստանում հաշտարարության դերը, կայացման փուլերն ու զարգացման հեռանկարները: Անդրադարձել են նաև հաշտարարությունը կարգավորող օրենսդրական դաշտին, առանձնահատկություններին ու սպասվող օրենսդրական փոփոխություններին: Համաժողովի մասնակիցները պայմանավորվել են հանդիպման արդյունքներով ստորագրել ԱՊՀ երկրների հաշտարարների միջև համագործակցության մտադրությունների մասին հռչակագիր: